«Այսուհետ, եթե քաղաքական դրդապատճառներով սպանություններ եղան, դրանց հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է». Գառնիկ Իսագուլյան

«Սէֆիլյանը միշտ նախկիններ, հներ ասելով՝ հասկանում է մարդկանց, ում հետ նա իբր համաձայն չէ՝ չմտածելով, որ ինքն ամենահինն է ու ամենանախկինը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-Փաշինյան հանդիպմանն ու դրան հաջորդած «Սասնա ծռեր»  կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, թե հները փորձում են պատրաստվել ռևանշի, իսկ իրենք այն ուժն են, որը դա թույլ չեն տա:

Գառնիկ Իսագուլյանը նկատեց. «Նույն Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա ծռերի» որոշ անդամների կենսագրությունից կարելի է դրվագներ պատմել, որոնցից ամեն մեկը ծանր քրեական հետևանքներ կարող է ունենալ՝ պատասխանատվության առումով: Իզուր է պարոն Սէֆիլյանը կարծում, թե այդ մարդիկ դրա մասին չգիտեն, և երբ իրավական դաշտում իրավական պետություն կունենանք, կարելի կլինի դրանց մասին խոսել  և դրանց հետևանքները պատկերացնել: Ես ուղղակի զարմանում եմ պարոն Փաշինյանի վրա՝ արդյո՞ք ինքը ընդունել է երեք զոհված ոստիկանների հարազատներին, արդյո՞ք նրանց հեղափոխությունից հետո սփոփանքի խոսք ասել է, թե՞ ոչ, արդյո՞ք նրանց ասել է, որ հատիկ-հատիկ գտնվելու են մարդասպանները, նրանց հրահրողները, ու պատժվելու են, թե ոչ: Բայց հիմա ընդունում է մարդկանց, ովքեր, ըստ էության, այդ ամենի կազմակերպիչն են եղել:

Իսագուլյանն ընդգծեց. «Ժամանակն է, որ պարոն Փաշինյանը հասկանա՝ եթե դրանց ինքը մեկ սանտիմետր զիջեց, ապա կիլոմետրերով տալու է: Երբ հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանը նման մեկնաբանություն է տալիս, դա նշանակում է, որ Սէֆիլյանին տրվել է իրավունք՝ անելու այն, ինչ ինքը մտածում է, ուրեմն՝ կարող ենք ասել հետևյալը՝ Աստված մի արասցե, այսուհետ, եթե քաղաքական դրդապատճառներով սպանություններ եղան, այդ սպանությունների հիմնական մեղավորը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որովհետև Սէֆիլյանը, ըստ էության, դրա մասին ակնարկեց: Պարոն Փաշինյանը կամ պետք է մեկնաբանություն տա, թե ինչ են խոսել Սէֆիլյանենց հետ, ինչ հանձնարարություն է տվել, թե դա եղել է ուղղակի հանդիպում: Սէֆիլյանի հայտարարությունը հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ, և այդ բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ես սա հենց այնպես չեմ ասում, նաև հատուկ ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա»:

Հ.Գ. Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հանդիպել էր 2018թ. հուլիսին։ Նրանք իրենց մտահոգություն էին հայտնել արդարադատության հետ կապված:

«Մտահոգություններ կային հարազատների մոտ՝ արդյոք արդարադատություն կիրականացվի, թե կլինի քաղաքական դատավարություն և քաղաքական որոշումներ: Բնականաբար, մեր հավաստիացումը այն էր, որ պետք է իրականացվի արդարադատություն»,- ասել էր Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում