ԲԴԽ անդամները ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել են դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ հարցեր

Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին և ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին: Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման և դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության և Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Խորհրդի նախագահը շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է և պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման և արդյունավետ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծել է դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության և Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը: