Մեր ռուս գործընկերները Սիրիային վերաբերող հարցերում ևս ունեն այդ զգայունությունը. Զոհրաբ Մնացականյան

Այսօր՝ սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին՝ ասաց․«Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ, սակայն այդ առումով դեռևս չեմ կարող ասել, որ գործընթացը ենթադրում է երկու կողմ»:

«Դժբախտաբար մենք այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Դա իրողությունն է Ցյուրիխի գործընթացի մերժման, շարունակական շրջապատման, ԼՂ հարցում կողմնակալության և Ցեղասպանության շարունակական ժխտման հարցում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով թուրք-ռուսական համագործակցությանը Սիրիայի հյուսիսում, ԱԳՆ ղեկավարը նշեց. «Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, և դա մենք արտահայտում ենք նաև մարդասիրական առաքելության գործառույթն ընդգծելու իմաստով: Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին՝ դրանք չափազանց դինամիկ են և բազմաշերտ: Մենք առաջնորդվում ենք այդ զգայունությամբ,- ասաց նա։- ՌԴ-ի հետ մենք ունենք հստակ ձևավորված, ավանդական ռազմավարական համագործակցություն: Մենք մեր բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության մեր սեփական օրակարգն ունենք, բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունները, մեր գործընկերները: Բնականաբար հաշվի ենք առնում միջազգային հարաբերությունների ներկայիս օրակարգն ու դինամիկան, յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք երբևէ բացառելով նման համագործակցությունը մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Այս կոնտեքստում մենք ունենք  ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային, խորքային հարաբերություններ: Մենք գիտենք, որ մեր գործընկերները ևս ունեն այդ զգայունությունը, նրանց հետ Սիրիային վերաբերող հարցերում խորհրդակցությունների մեջ ենք»: