Բանակցային գործընթացում Արցախի որոշիչ ձայնի և ներգրավվածության հարցը նշանակալի մեզ համար․ Զոհրաբ Մնացականյան

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփեց Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:

Նա նշեց, որ համաժողովը թերի կլիներ առանց Արցախ կատարած այցի:

«Առաջին անգամը չէ, որ դիվանագիտական հավաքի ժամանակ մեր դիվանագետները մեկնում են Արցախ, սա դեսպանահավաքների շատ կարևոր մասն է կազմում»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն այժմյան կոնտեքստում չափազանց էական համարեց երկու ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափը, քանի որ «մեզ համար մեծ նշանակություն ունի պահպանել, կառուցել ՀՀ-ի և Արցախի միջև գնահատականների և քաղաքականության կառուցման այդ ընդհանուր դաշտը»,-նշեց նախարարը:

«Մենք անդրադարձանք թե՛ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, թե՛ միջազգային օրակարգի այլ հարցերի, որոնք առնչություն ունեն ՀՀ-ի և Արցախի արտաքին քաղաքական գերակայությունների հետ: Սա առավել կարևորում եմ: Այն  ընդգծում է մեր շարունակական նպատակի իրականացումը, քանի որ վստահ եմ նկատել եք, որ այս մեկ տարվա ընթացքում ես կանոնավոր աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ, ԼՂ հարցի խաղաղ կարգավորման յուրաքանչյուր փուլը ունի այդ հատվածը, որը վերաբերում է մեր երկխոսությանը՝ ճշգրտելու մեր մոտեցումները: Դա արտահայտում է  այն իրողությունը, որը նաև բանակցային գործընթացի մաս է՝ ինչու է Արցախի որոշիչ ձայնի և ներգրավվածության հարցը նշանակալի մեզ համար, քանի որ մենք Արցախի ժողովրդի անունից խոսելու մանդատ, իրավասություն չունենք: Այդ առումով էլ պնդում ենք, որ Արցախի ընտրված իշխանությունների մոտ բանակցային գործընթացում սեփականության զգացումի  ուժեղացումը պրագմատիկ նշանակություն ունեցող հարց է, որը միտված է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Մնացականյանը: