ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄԿ և ԵՄ ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրոպական միության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Գայանե Աբրահամյանն ու Սոնա Ղազարյանը:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԿ և ԵՄ ներկայացուցիչների իրականացրած առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Նա նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովում կարևորում են նմանատիպ հանդիպում-քննարկումները՝ հատկապես աշխատանքային հարաբերությունների, աշխատողների իրավունքների պաշտպանության թեմատիկայով:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևոր են համարել աշխատանքի առանձին տեսչական մարմնի գործունեությունը, նշվել է, որ մոտ օրերս շրջանառության մեջ կդրվի օրենքի նախագիծ, որով կստեղծվի այդ մարմինը ու կունենա վերահսկողական գործառույթ:

Հանձնաժողովականները նշել են, որ իրենք ամենօրյա ռեժիմով անդրադառնում են աշխատանքային օրենսգրքի բացերին և փորձում դրանք շտկել՝ կարևորելով աշխատողների իրավունքները, իրազեկվածությունը:

ԱՄԿ և ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել համատեղ աշխատանքային քննարկումներ, դասընթացներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարելավվման, աշխատողների իրավագիտակցության բարձրացման վերաբերյալ: