Էկոնոմիկայի նախարարը ֆրանսիական «Թալես գրուպի» հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է, որ ներդրողների աջակցման թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որոնք կծագեն ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների մոտ։

Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները`այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:

«Թալես գրուպը» ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: