Ամուլսարի հատվածը, Ջերմուկի տարածաշրջանը չեն կարող «Լիդիան Արմենիա»-ի էքսպերիմենտալ մեթոդների համար փորձադաշտ լինել

Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ «Լիդիան Արմենիա» ընկերության նոր մոտեցումները, առաջարկությունները ոլորտում արտասովոր, չապացուցված մոտեցումներ են, որոնք չեն համապատասխանում միջազգային լավագույն պրակտիկաներին: Թեկուզ միայն այս փաստը բավարար է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը հանդես գան Ամուլսարի հանքի շահագործման դեմ, արգելեն դա: Հայաստանի բախտը «ռուսական ռուլետկայի» ենթակա չէ:

Արդյոք որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է, թե Ամուլսարի հետ կապված իրավիճակի առնչությամբ ՀՀ վարչապետի մոտ 19.08.2019թ. խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ հարցեր է տվել խորհրդակցության մասնակիցներին և ինչ պատասխաններ է ստացել: Այդ պատասխանների մի մասի խորքում բնության և Հայաստանի նկատմամբ հանցագործությունը կոծկելու փորձն է, որը վերլուծաբար ներկայացնելու համար կարիք կլինի մի քանի հրապարակումների: Այժմ այդ ամենին չեմ անդրադառնա, ընդամենը կհիշեցնեմ վարչապետին նրա տեղակալ Տիգրան Ավինյանի ներկայացրած ապատեղեկատվությունն արձանագրած «Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան․ՀԲՃ» հոդվածի (http://livenews.am/press/2019/18351/22/17/34/) մասին, ինչպես նաև կմեջբերեմ հիշյալ խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերից մեկին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի պատասխանը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Ես հետևեցի նաև մեկնաբանություններին, բայց ևս մեկ անգամ ճշտելու համար ուզում եմ հասկանալ՝ քրեական գործը հարուցելուց հետո Քննչական խումբը, ճի՞շտ եմ հասկանում, որ հավաքել է դաշտում եղած ամբողջ ինֆորմացիան բաց աղբյուրներից, այսինքն՝ դեմ, կողմ, բաց նամակներ և այլն: Այդ ամեն ինչը հավաքվե՞լ է քրեական գործում, մինչ այդ եղած փաստարկները քրեական գործի նյո՞ւթ են դարձել, և ամբողջը դարձե՞լ է քննության առարկա»։

Ակնհայտ է, որ Փաշինյանը շատ ճիշտ ու տեղին հարց է տվել, որին Քննչական կոմիտեի նախագահը պետք է տար հետևյալ պատասխաններից մեկնումեկը, որը որ կհամապատասխաներ իրականությանը` «Այո», «Ոչ», «Մասամբ»: Այս պատասխաններից մեկնումեկը տալու փոխարեն, Քննչական խմբի ղեկավարը նախընտրել է տվյալ հարցին պատասխանելուց խուսանավել, տալ բոլորովին այլ պատասխան, որը վարչապետի հարցի պատասխանը չէ.

«Պարոն վարչապետ, քրեական գործը հարուցելուց հետո ոլորտի առաջատար մասնագետները՝ համալսարանների, ակադեմիայի և ոլորտում հեղինակություն վայելող այլ մասնագետներ, բոլորը ներգրավվել են որպես փորձագետներ: Ապա փորձաքննությունը հանձնարարվել է «Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որից հետո, երբ արդեն քննարկումները թեժացան, երբ մենք հասկացանք, որ «Գոլդերի» եզրակացությանը պետք է արձագանքի ևս մեկ հեղինակավոր միջազգային կազմակերպություն, նոր մենք հանձնարարեցինք միջազգային փորձագետներին փորձաքննության կատարումը: Իսկ մինչ այդ՝ ոլորտի բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են եղել»:

Կարծում ենք՝ պարզ է նաև, թե Քննչական կոմիտեի նախագահն ինչու չի պատասխանել Փաշինյանի հարցին: Եթե տար «Ոչ» կամ «Մասամբ» պատասխանը, կստացվեր, որ քննությունը թերի է իրականացվել, իսկ եթե պատասխաներ «Այո», դա պատասխանատվություն ենթադրող կլիներ, որովհետև հետագայում Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով էկոլոգիական (և ոչ միայն…) աղետի դեպքում հարց կառաջանար, որ եթե Քննչական կոմիտեն իսկապես հավաքել է դաշտում եղած ամբողջ տեղեկատվությունը բաց աղբյուրներից, այդ թվում նաև՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ, բաց նամակներ և այլն, այդ ամեն ինչը հավաքել է քրեական գործում, մինչ այդ եղած փաստարկները քրեական գործի նյութ են դարձել, և ամբողջը դարձրել է քննության առարկա, ապա ինչպե՞ս է վարվել այնպես, ինչպես վարվում է հիմա, այսինքն, ըստ էության, անտեսելով դրանք, ինչպե՞ս են Քննչական կոմիտեի նախագահը և քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը վերոնշյալ խորհրդակցության ընթացքում վարչապետին տվել այն պատասխանները, որոնք տվել են:

Բացի նրանից, որ Հայկ Գրիգորյանը չի պատասխանել վարչապետի հարցին, իսկ Փաշինյանն էլ դա չի նկատել կամ չնկատելու է տվել, դեռ մեծ հարց է, թե քրեական գործը հարուցելուց հետո ոլորտի առաջատար մասնագետները՝ համալսարանների, ակադեմիայի և ոլորտում հեղինակություն վայելող այլ մասնագետներ, բոլորը ներգրավվե՞լ են որպես փորձագետներ: Ենթադրենք, թե նույնիսկ ներգրավվել են որպես փորձագետ կամ, թեկուզ, որպես վկա, բայց դա արվել է զուտ ձևականորեն, քննության բազմակողմանիության և օբյեկտիվության երևութականություն ստեղծելու համար, քանի որ մի շարք փորձագետների, վկաների (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանի, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանի, էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի և բազմաթիվ այլոց) ներկայացրած վտանգները, որոնք սպասելի են հանքի շահագործման դեպքում, նրանց եզրակացությունները, բերած փաստարկներն Ամուլսարի հանքի շահագործման դեմ իրականում, դատելով հիշյալ խորհրդակցության ընթացքում վարչապետին տրված պատասխաններից, ըստ էության, հաշվի չեն առնվել:

Անդրադառնանք նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նշած փորձագետների եզրակացությանը, այն փորձագետների, որոնց վերաբերյալ հիշատակված է վերոնշյալ հոդվածում:

Հունիսի 23-ին դոկտոր Էնն Մաեստը և դոկտոր Անդրե Սոբոլևսկին հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսել են Ամուլսար կատարած իրենց այցի, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքների, ինչպես նաև իրենց վերջնական եզրակացությունների մասին: Նրանց հրապարակած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Այս շաբաթվա ընթացքում, ինչ մենք Հայաստանում ենք, հանդիպել ենք Հայաստանի կառավարության պաշտոնյաների, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել ենք Ամուլսարի ոսկու նախագծի տարածք։ Ամուլսարում հանքարդյունահանման նախագիծ իրականացնելու հարցում մեզ համար առաջնահերթ, Nо. մեկ բնապահպանական մտահոգությունը շարունակում է մնալ տարածքից թթվային դրենաժի խնդիրը։ Մեր եզրահանգումների հիմնական արդյունքները հետևյալն են․

Մենք շարունակում ենք պնդել մեր համոզմունքը, որ Ամուլսարի նախագիծը ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը։

«Լիդիան Արմենիա» ընկերության և նրա խորհրդատուների հետ մեր հանդիպման ժամանակ մենք տեղեկացանք, որ ընկերությունն ունի թթվային դրենաժը բնութագրելու և մեղմացնելու նոր պլաններ։ Սրանք էական շեղումներ են 2016թ․ ընկերության ներկայացրած Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականից (ԲՍԱԳ)։ Նման փոփոխությունները պետք է ներկայացվեն Հայաստանի կառավարությանը, վերջինս պետք է ուսումնասիրի դրանք, համապատասխանաբար տա իր թույլտվությունը նախքան արդյունահանման սկսվելը։

«Լիդիանից» մեզ տեղեկացրին, որ իրենք վերանայել են իրենց մոտեցումները՝ մասնակիորեն հիմնվելով մեր վերլուծությունների վրա։ Փոփոխություններ մտցնելը նրանց կողմից նշանակում է ընդունել, որ նախկինում որդեգրված մոտեցումները չեն համապատասխանել այս տարածքում թթվային դրենաժը վերահսկելու անհրաժեշտությանը։

Նրանց որդեգրած նոր մոտեցումները քննարկել ենք ու հանգել այն եզրակացությանը, որ դրանք ոլորտում արտասովոր, չապացուցված մոտեցումներ են, որոնք չեն համապատասխանում միջազգային լավագույն պրակտիկաներին։ Տարածքի զգայուն բնույթը պահանջում է մեծ երաշխավորում, որ ոչ մի թթվային դրենաժ չի հոսի ո՛չ հանքի շահագործման ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։ Նոր որդեգրված միջոցառումների էքսպերիմենտալ բնույթը նման երաշխավորում չի հաղորդում։

Մեր եզրահանգումը մնում է նույնը, որ Ամուլսարի ապարների մեծ մասը կարտադրի թթվային դրենաժ, սակայն «Լիդիանը» պատրաստվում է քիմիական նյութեր ավելացնել կոշտ թափոնների միայն մի փոքր հատվածի վրա, որպեսզի կանխի թթվային դրենաժը։

Մենք գնահատեցինք թթվային դրենաժը չեզոքացնելու՝ «Լիդիանի» մոտեցումը, ու շարունակում ենք թերահավատ լինել, որ այն արդյունավետ կլինի։ «Լիդիանը» մեզ հավաստիացրել է, որ հաշվի կառնի թթվային դրենաժի հարցում մեր առաջարկած և ոլորտում տարածված մոտեցումը, այն է՝ կրով մաքրման կայանի գործարկումը, եթե իրենց առաջարկած թթվային դրենաժի չեզոքացման համակարգը ձախողվի։

«Լիդիանի» առաջարկած ֆինանսական երաշխիքը չի ծածկում կրով մաքրման կայանի կառուցման ու գործարկման ծախսերը։ Մեր առաջարկն է Հայաստանի կառավարությանը՝ պահանջել ֆինանսական ավելի մեծ երաշխիք, որը կծածկի այս ծախսերը։

Հայաստանի կառավարությանն առաջարկում ենք «Լիդիանից» պահանջել այնպիսի նախագծի հրապարակում, որը թույլ կտա կետ առ կետ տեսնել այն գործողությունները, որոնք կձեռնարկվեն բնական միջավայրի վրա ազդեցության ի հայտ գալու դեպքում։ Նման նախագիծը պետք է հստակորեն սահմանի, թե որոնք են այն ազդակները, որոնք ցույց կտան առաջացած ազդեցությունները և առաջ եկած խնդիրները լուծելուն ուղղված գործողությունները։ Այս ծրագիրը պետք է անցնի Հայաստանի կառավարության կողմից գնահատում ու այնուհետև ստանա թույլատվություն նախքան արդյունահանման սկսվելը։

Հայաստանի կառավարությունը պետք է «Լիդիանի» նկատմամբ սահմանի խիստ ժամկետներ, որոնց սահմաններում վերջինս պետք է ապացուցի, որ ոլորտում տարածում չունեցող իրենց մոտեցումները արդյունավետ կլինեն Ամուլսարի տարածքում ջրերի աղտոտումը կանխելու հարցում։ Եթե «Լիդիանը» չկարողանա այս մոտեցումների կենսունակությունն ապացուցել, ապա Հայաստանի կառավարությունը «Լիդիանից» պետք է պահանջի ընդունել ոլորտում տարածում գտած միջազգային լավագույն պրակտիկաները։

Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները։ Հայաստանի այս զգայուն ու մեծ արժեք ունեցող հատվածը չի կարող «Լիդիանի» էքսպերիմենտալ մեթոդների համար փորձադաշտ լինել։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունն հանձնառու է պաշտպանել այս տարածքը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հնարավոր ազդեցությունից»։

Արթուր Հովհաննիսյան