Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանները անհանգիստ են

Ինչպես և տասնմեկ տարի առաջ, Վրաստանը զինված սադրանք սկսեց Հարավային Օսիայի անկախ ինքնիշխան հանրապետության դեմ: Միջադեպի մասին շատ են գրում տարբեր երկրների ԶԼՄ-ներում: Հետևաբար մանրամասն չեմ անդրադառնա կատարվածին. պարզապես վերլուծենք, թե ում է ձեռնտու, որ Վրաստանը հերթական անգամ սպառնա անկախ կովկասյան երկրին, որը կապված է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրով, և որը վերջերս սկսել է զարգացնել համագործակցությունը նաև Իրանի հետ:

Վրաստանի հետ Հարավային Օսիայի սահմանների սադրանքը, ըստ երևույթին, պետք է դիտարկել այն իրադարձությունների շարքում, որոնք բառացիորեն կուտակվում են Անդրկովկասում: Նկատելի լարվածություն է ստեղծվել գրեթե բոլոր սահմաններում, նույնիսկ ենթադրաբար բարեկամական դաշնակիցներ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Համադրելով այն փաստի հետ, որ օգոստոսին Թուրքիայից երկու ահաբեկիչ փորձել են մուտք գործել Հայաստան, չնայած նրանք Հնդկաստանի քաղաքացիներ էին, մենք իրավունք ունենք ենթադրել, որ ապակայունացման օտարերկրյա կենտրոնները մտահղացում ունեն հետագայում «պայթեցնելու» փորձ անել ողջ Անդրկովկասը, այլ ոչ միայն Հարավային Օսիան կամ, օրինակ, Արցախի Հանրապետությունը կամ Հայաստանը: Ուշադրություն դարձնենք. ահաբեկիչները փորձել են Հայաստան մուտք գործել Թուրքիայից, ավելին, նրանցից մեկը՝ հենց հայ-վրացական սահմանը հատելով: Միևնույն ժամանակ, Վրաստանն ինքն է ծիծաղելի պահանջներ և «պայմաններ» ներկայացնում Ռուսաստանին: Ադրբեջանն էլ հրահրում է Վրաստանին՝ օկուպացնելով Դավիթ Գարեջի վրացական ուղղափառ տաճարը, և կրկին սահմանամերձ գոտում:

Ակնհայտ է, որ արտատարածաշրջանային ուժերին լարվածություն և անկայունություն է անհրաժեշտ Կովկասի բոլոր սահմաններում: Եթե ​​հիշենք, որ դեռևս այս տարվա գարնանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացնում էր աշխարհին, որ ԱՄՆ-ը Սիրիայից ահաբեկիչներին տեղափոխում է ոչ միայն Աֆղանստան, այլև Կենտրոնական Ասիա և Կովկաս, (ինչը հետագայում հաստատեց Ռուսաստանի ՆԳՆ-ը), ապա օգոստոսյան իրադարձությունները համադրելով՝ դժվար չէ նկատել, որ Կովկասյան ժողովուրդների թշնամիների առաջնային նպատակը Ադրկովկասում քաոսային վիճակ ստեղծելն է: Ըստ երևույթին, նրանք ակնկալում են, որ այդպիսի իրավիճակում նրանց համար ավելի հեշտ կլինի Մերձավոր Արևելքից փախչող ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով տեղափոխել մեր տարածաշրջան, իսկ այնուհետև, չի բացառվում, Ռուսաստան կամ Իրան: Ավելին, չի բացառվում նաև, որ Վրաստանը կփորձի սադրանք իրականացնել Աբխազիայի սահմանին: Անձամբ ես Վրաստանից Հայաստան ահաբեկչի մուտք գործելու փորձը համարում եմ Վրաստանի սադրանք: Այսինքն՝ վրացական կողմից արդեն իսկ վտանգավոր սադրանք է եղել Հայաստանի սահմանին: Ի վերջո, ձերբակալված ահաբեկիչը որոնման մեջ էր Ինտերպոլի կողմից, և անհնար է, որ վրացական իշխանությունները տեղյակ չլինեին այդ մասին: Այնուամենայնիվ, նրանք թույլ տվեցին, որ միջազգային հետապնդման մեջ գտնվող ահաբեկիչը անխոչընդոտ անցնի Թուրքիայից Վրաստան և մեկնի վրաց-հայկական սահման: Հետևաբար, Վրաստանն աջակցում էր ահաբեկչի ինչ-որ ծրագրի: Այստեղ կարևոր է, որ այն երկրները, որոնք դառնում են արտատարածաշրջանային հատուկ ծառայությունների «մշակման» թիրախ, պետք է անհապաղ միավորեն ուժերը, որպեսզի կանխեն պայթունավտանգ և դիվերսիոն գործողություններն Անդրկովկասում:

Առանձնահատուկ ուսումնասիրության և դիտարկման առարկա է այն հարցը, թե կոնկրետ ինչ են փորձում կանխել արտատարածաշրջանային ուժերը՝ Վրաստանի ձեռքերով սադրանքներ իրականացնելով նրա բոլոր սահմաններում՝ բացառությամբ թուրք-վրացականի։ Եթե հիշենք հաղորդակցման այն դժվարությունները, որոնց Հայաստանը բախվել է 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ռազմական սադրանքի պատճառով, ապա պետք է ակնկալենք, որ և՛ Հայաստանը, և՛ ամբողջ տարածաշրջանը մոտենում են շատ վտանգավոր եզրագծի, որը լի է տարատեսակ բարդ խնդիրներով՝ հաղորդակցման, տնտեսության, առևտրի և այլ ոլորտներում։

Սերգեյ Շաքարյանց