Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը երկիր

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում։ «Ria.ru»-ի տեղեկացմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսսելխոնադզոր»-ը։

«Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ պատճառը ձկան մեջ մալախիտային կանաչի հայտնաբերումն է:

Սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու նաև Ղազախստանի «Զենչենկո և Կ» ձեռնարկության արտադրանքի ներմուծման համար։

Բացի դրանից, որոշ ձեռնարկությունների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն է սահմանվել։