Շուշիի ժայռերի վրա կառուցվել է երկու ժայռամագլցման ուղի (լուսանկարներ)

Իրանի Իսլամական Հանրապետության ժայռամագլցման ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մեհդի Զենդեհկարը Շուշի քաղաքի ժայռերի վրա կառուցել է երկու ժայռամագլցման ուղի։

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ Արտավազդ Բոյաջյանը, որը նախկինում զբաղվել է ժայռամագլցմամբ:

Ըստ մեր զրուցակցի՝ ժայռամագլցման ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարմիր գծանշումով ուղին անվանել է Արցախի դարպաս (Artsakh Gate), իսկ կանաչ ուղին՝ հաղթանակ (Victory)։

«Մեհդի Զենդեհկարն արցախցիների հետ անց է կացրել ժայռամագլցման բաց դաս։ Մասնակիցները սովորել են մագլցման տեխնիկային տիրապետելուն և ծանոթացել պարանի հետ աշխատանքի նրբություններին»,-ավելացրել է Ա. Բոյաջյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Մեհդի Զենդեհկարը Իրանի Ազգային Հավաքականի կազմում եղել է աշխարհի չեմպիոն: Եղել է հավաքականի մարզիչ շուրջ 12 տարի: Ունի 23 տարվա փորձ ժայռամագլցման ոլորտում: Նրա մարզիկները դարձել են աշխարհի չեմպիոններ և փոխչեմպիոններ: Մեհդի Զենդեհկարը ժայռամագլցման դասընթացների 60 դասաշրջանի դասախոս-մարզիչ է։ Կառուցել է մոտ 20 սպորտային ուղի և 20 Big Wall: Ողջ սպորտային գործունեության ընթացքում կառուցել է 3000 մ ուղի և դարձել ռեկորդակիր: