Երվանդ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 000 քմ հողատարածքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված`Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10 000 քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից։ Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով`164 760 000 դրամով (այսինքն`1 քմ-ն ընդամենը 16 476 դրամով), ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:

ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, 29.05.2015թ. հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2 800 000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներում առերևույթ առկա են Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, 30.08.2019թ. որոշում է կայացվել վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ: