«Թուրքիայի վրա Իրա՞քն է հարձակվելու, Իրա՞նը, թե Ռուսաստանը». քեմալական կուսակցության առաջնորդ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, լրագրողների այն հարցին, թե Թուրքիան կվերադարձնի՞ Ռուսաստանից գնած «S-400»-ները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, ընդդիմադիր գործիչը պատասխանել է:

«Գնեցին, բայց թե ինչու գնեցին, ոչ ոք չգիտի։ Ո՞վ է մեր դեմ հարձակվելու: Սիրիայում «S-200» կա ռուս զինվորների գլխավորությամբ։ Սիրիայի ՀՕՊ համակարգերը Մերձավոր Արևելքում ամենաուժեղն են։ Դա բոլորը գիտեն։ Թուրքիայի վրա Իրա՞քն է  հարձակվելու, Իրա՞նը, թե Ռուսաստանը։ Մենք Հունաստանի հե՞տ  ենք բախվելու, ինչ է։  Հունաստանը ՆԱՏՕ-ում է»,-ասել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիային S-400-ի մասերի երկրորդ խմբաքանակն է ուղարկել։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոց կիրառել՝ կասեցնելով  Թուրքիայի մասնակցությունն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։