Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար: Այս մասին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից։

2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:

2017 թ. ՀՀ կառավարության N 1436-Ա  որոշման համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1 240 423 000 դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել  նախարարությանը:

2019 թ. ապրիլի 25-26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում Համաշխարհային բանկի թիմը նպատակահարմար չի համարել Կենտրոն ՀՍԾՏԿ-ը ստեղծել վերոնշյալ տարածքում։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր տարածք ձեռք բերելու և վերջինիս հետ փոխանակելու նպատակով: Այդ նպատակով կատարվել է անշարժ գույքի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից գնահատում և ստացվել համապատասխան գնահատման հաշվետվություն: Ըստ հաշվետվության՝ անշարժ գույքի արժեքը կազմում է 282 700 000 դրամ, իսկ հողի արժեքը 39 000 000 դրամ: Ընդամենը՝ 321 700 00 դրամ:

Համեմատելով ներկայիս արժեքը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ  գնահատված ընդհանուր շուկայական արժեքի  հետ՝ ակնհայտ է բացահայտ անհամապատասխանություն, որի ուսումնասիրության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն: