Ընդունել ենք ԼՂԻՄ դուրս բերումը ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ սահմանադրության 53-րդ հոդվածով և միջազգային իրավունքով. Բալասանյանը Փաշինյանին

Իրականությանը չեն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ սեպտեմբերի 2-ը Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Պետք է Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մնացած այլ քաղաքական ուժերը կամ անհատները լուրջ ուսումնասիրեն՝ միջազգային իրավունքով, միջազգային օրենքով մինչև 1988 թվականը և ԽՍՀՄ սահմանադրության մանավանդ 53-րդ հոդվածը, որով առաջնորդվել է Արցախում ապրող բնակչությունը, քաղաքացիները, այսինքն՝ արցախահայությունը»,-ասաց Բալասանյանը:

Ըստ նրա՝ իրենք՝ արցախցիները, առաջնորդվել են ԽՍՀՄ սահմանադրության 53-րդ և՛ հոդվածով, և՛միջազգային իրավունքով:

«Եվ լավ կլիներ, որպեսզի այդ մարդիկ ուսումնասիրեին և՛ Գերագույն խորհրդի Հայաստանի Հանրապետության այդ որոշումները, և՛ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի որոշումները: Մենք այդ ժամանակ, երբ որոշումները ընդունեցինք, ընդունել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս բերումը ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, այլ մենք առաջնորդվել ենք այդ օրենքներով:

Ասեմ ավելին, բայց այնուհետև արդեն 88-91 ժամանակահատվածը պետք է ուսումնասիրել, և մենք դրա դիմաց ստացանք պատերազմ Խորհրդային Ադրբեջանի կողմից: Արդեն իսկ 92 թվականի օգոստոսի վերջին Ադրբեջանը անկախացավ, դուրս եկավ Խորհրդային միության կազմից, արդեն իսկ հռչակում հայտարարած Ադրբեջանը պատերազմ հայտարարեց և սկսեց այդ լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմական գործողությունները: Ինչո՞ւ փոխվեցին այն որոշումները, մենք տեսանք, որ իրավիճակի փոփոխություն կար, և այսօր խոսել ինչ-որ թեմաների շուրջ, ես համոզված եմ և վստահ եմ, որ չի կարելի նմանատիպ քաղաքական հայտարարություններ անել»,-ասաց նա: