Հունաստանի ԱԳ նախարարն արձագանքել է Էրդողանի հակահունական ժեստին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարվել էր պատից կախված քարտեզի կողքին, որտեղ Էգեյան ծովում Հունաստանին պատկանող կղզիները ներառված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում:

Երկրի ռազմական դպրոցներից մեկում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ արված Էրդողանի լուսանկարը նախօրեին հայտնվել էր մամուլում՝ աղմուկ առաջացնելով հունական մեդիայում:

«Ermenihaber.am»ի տեղեկացմամբ, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ևս անդրադարձել է:

Դենդիասը հայտարարել է, որ որևէ երկրի սահմաններ չեն կարող գծվել որևէ քաղաքական գործիչի ցանկությամբ՝ ընդգծելով, որ դրանք գծվում են միջազգային իրավունքի հիման վրա:

«Թուրքիան շարունակում է տարածաշրջանի համար պատուհաս լինելու քաղաքականությունը, սակայն Հունաստանը չի ցանկանում պատասխանել դրան:

Թուրքիան ձևավորվում է մեկ մարդու մտքերի հիման վրա. դա վնասում է Թուրքիայի կերպարը»,- ասել է Դենդիասը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա է վեճ Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելության հարցում։ Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռները պարբերաբար հատում են հունական սահմանը՝ փորձելով սադրել հունական կողմին։