Ուկրաինացի պատգամավորներն այսուհետ անձեռնմխելի չեն

Ուկրաինայի խորհրդարանն այսօր օրենք է ընդունել, ըստ որի՝ օրենսդիրները զրկվում են անձեռնմխելիությունից:

Օրենքն ընդունվել է քվեների 373 կողմ, 28 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ այդօրինակ օրենքի անհրաժեշտության մասին նախընտրական շրջանում խոսել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա առաջնորդած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 450-տեղանոց ռադայում ունի 254 մանդատ:

Ուկրաինայում կոռուպցիան ամենացավոտ խնդիրներից մեկն է: Transparency International կազմակերպության 2018 թվականի զեկույցում Ուկրաինան կոռուպցիայի առումով 180 երկրների և տարածքների ցանկում զբաղեցրել է 120-րդ տեղը: