Արցախը ժողովրդավարության և ազատության օրինակ է և վաստակել է բանակցային գործընթացին մասնակցելու իրավունքը

Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տոնի առթիվ

Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Անկախության օրվա առիթով:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն թվիթերյան իր էջում հրապարակել է շնորհավորական նամակը, որն ստորագրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեքի Շփիրը, Պիտեր Թ. Քինգը և Գուս Բիլիրաքիսը:

«Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ է, և մենք նախկինի պես հույս ունենք, որ ձեռք կբերվի հաստատուն խաղաղություն, որը կպահպանի Արցախի հայերին»,- նշել է Փալոնեն:

Նամակում նշվում է, որ Արցախը, անվիճելիորեն վաստակել է ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացին մասնակցելու իրավունքը՝ լինելով տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ: «Մենք շարունակում ենք հույս տածել, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջապես խաղաղ լուծում կստանա և բարձր ենք գնահատում Ձեր անկոտրում դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության գործում։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ձեր երկիրը նորից կներգրավվի բանակցային գործընթացներում։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում ենք այս կարևոր իրադարձության կապակցությամբ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործին և կշարունակենք մեր կոչերը նրա անկախության պաշտոնական ճանաչման համար»,- նշված է նամակում: