ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Թուրքիայում լրագրողների ձերբակալության նոր ալիքով

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի առթիվ։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, խոսքն այն լրագրողների մասին է, ովքեր ձերբակալվել էին վերջերս երեք թուրք քաղաքապետների պաշտոնանկության դեմ կազմակերպված բողոքի ցույցերը լուսաբանելու պատճառով։

Հարլեմ Դեզիրի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած պայմաններում լրագրողներին ազատ աշխատելու հնարավորություն տրվի, և ոչ մի լրագրող չպետք է բանտարկվի միայն իր աշխատանքը կատարելու պատճառով»։

ԵԱՀԿ ներկայացուցիչն իր հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձել է մի քանի պարբերականների թղթակիցների հետ կապված միջադեպերին։

Այսպես, քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակիցներ Զիյան Քարահանը, Ահմեթ Քանբալը, Մեհմեթ Շահ Օրուչը, քրդական մեկ այլ՝ «Jinnews» լրատվական գործակալության թղթակիցներ Յելդա Օզբեքը, Ռոժդա Այդընը, Նուրջան Յալչընը և Հալիմե Փարլաքը ձերբակալվել էին օգոստոսի 19-ին և 20-ին՝ Դիարբեքիր և Մարդին քաղաքներում, ապա որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։

Ըստ հայտարարության՝ Ստամբուլում օգոստոսի 22-ին ձերբակալվել էին քրդական «Özgür Gelecek» պարբերականի թղթակից Թայլան Օզգյուր Օզթաշը և «ETHA» լրատվական գործակալության թղթակից Թունահան Թուրհանը։ Իսկ օգոստոսի 20-ին Ստամբուլի իր տանը ձերբակալվել էր «Evrensel» թերթի աշխատակից Այշեգյուլ Թեզօրենը։ Այս երեք լրագրողները այնուհետև պայմանականորեն ազատ էին արձակվել։