Արցախի անկախության համար մենք շատ թանկ գին ենք վճարել և պարտավոր ենք սրբության պես պահել ու պահպանել այն․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ ԲՀԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ուղերձում գրված է․

«Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝  Արցախի Հանրապետության անկախության 28-րդ  տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ,  աշխարհասփյուռ հայության համար: Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված անկախությունը պահպանելով ՝ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր աշխարհին ներկայանում է որպես  ժողովրդավարական ու զարգացող երկիր, արցախցին շարունակում է ստեղծել ու արարել հայրենի հողում, կերտել մարտունակ ու օր օրի հզորացող բանակ: Ես բազմիցս ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի, և մենք մեր հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ:

Ուզում եմ առանձնահատուկ վերհիշել  Արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիներին ու Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին, հերոսներ ծնած մայրերին ու ընտանիքներին: Արցախի անկախության համար մենք շատ թանկ գին ենք վճարել և պարտավոր ենք սրբության պես պահել ու պահպանել այն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ  նորանոր հաջողություններ պետականության կայացման ու ամրապնդման գործում: Աստված պահապան մեզ բոլորիս»: