Այսօր համայն հայությունը նշում է Արցախի անկախության օրը

Այսօր Արցախի անկախության օրն է: Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է։

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Այդպիսով, Արցախի ժողովուրդն իրացրեց իր օրենսդրական իրավունքը, որն ամրագրված էր 1990թ. ապրիլի 3-ին Խորհրդային Միության ընդունած օրենքով։ Օրենքը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

1991թ. դեկտեմբեր 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին: Ինչին հետևեց խորհրդարանական ընտրությունները, ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ ձևավորեց առաջին կառավարությունը:

Բաքվի պատասխան գործողությունները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Սկսվեց Արցախյան ազատամարտը։

Ադրբեջանի խնդրանքով 1994-ի մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

Անկախության հռչակումից ուղիղ 15 տարի անց՝ 2006թ․ սեպտեմբերի 2-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին մայր օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ նախատեսված են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00-ից գորգերի ու գրքերի ցուցադրություն է լինելու, ժամը 14։00-ին՝ «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի համերգը։ Իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, կմեկնարկի տոնական համերգ՝ արցախյան համույթների, Շուշան Պետրոսյանի, Գևորգ Հաջիյանի, Ռուսլան Էլիազյանի, Գարիկ Պապոյանի, Սոնա Ռուբենյանի, «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի մասնակցությամբ։