Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին: ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ,  նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:

Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն: «Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է հանրապետության նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն այսուհետ ևս համատեղ ուժերով կլուծի իր առջև ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսին էլ դրանք լինեն: «Վստահ եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: