Թեհրանը հերքում է Մակրոնի և Թրամփի լավատեսական հայտարարությունները

G7-ի գագաթնաժողովից հետո թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, թե՛ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սերտորեն ապատեղեկատվություն էին տարածում այն մասին, թե իբր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների»՝ անգամ ամերիկացիների կողմից Իրանին պարտադրված օրակարգով: Տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում և Ռուսաստանում, տասնյակ կոռումպացված լրագրողներ կարծես թե սպասում էին նման ազդանշանի G7 գագաթնաժողովից: Նրանք սկսեցին մրցակցելով տեղեկատվական դաշտ նետել իրենց «վերլուծություններն» ու հոդվածներն այն մասին, թե ինչպիսի՞ն կլինի հանդիպումը և ի՞նչ զիջումների կգնա Իրանը:

Մեկ անգամ ևս հիշեցնում եմ Հայաստանի քաղաքացիներին, որ օգոստոսի 23-ին ինքս ​​ներկա եմ եղել Երևանում Իրանի դեսպանատանը կազմակերպված մի շարք դիվանագետների հետ հանդիպմանը: Ծավալված քննարկումից եկել եմ այն համոզման, որ Իրանը չի գնա որևէ զիջումների կամ բանակցությունների ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի ճանաչել իր պարտությունն ու չի ընդունել իրանական կոշտ պայմանները: Որպեսզի ոչ ոք Հայաստանում կամ արտերկրում ինձ չմեղադրի անհիմն եզրահանգումների մեջ, ներկայացնում եմ ամենավերջին լուրերը Թեհրանից:

Ինչպես օգոստոսի 28-ին հաղորդել է «Tehran Times» պաշտոնական թերթը, Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում նախագահ Ռոհանին հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկն ուզում է պարզապես լուսանկարվել Հասան Ռոհանիի հետ, դա անհնար է, եթե նրանք (ամերիկյան վերնախավը) չեն չեղարկում դաժան պատժամիջոցները և չեն հարգում իրանական ժողովրդի իրավունքները։ Մեր ճանապարհն ազատ է: Մենք կվերադառնանք, եթե նրանք վերադառնան իրենց պարտականություններին: Մենք ձգտում ենք լուծել խնդիրները և լուծել դրանք տրամաբանական ճանապարհով: Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած և տնտեսական ահաբեկչություն սկսածների նկատմամբ մեր պահվածքը կփոփոխվի այն ժամանակ, երբ նրանք կապաշխարեն: Նրանք պե՛տք է վերադառնան իրենց պարտավորություններին և հրաժարվեն իրենց ընտրած սխալ ուղուց: Իրենք պետք է ծառայեն խաղաղության և միջազգային անվտանգության շահերին: Նրանք պետք է ճանաչեն իրանցիների իրավունքներն ու հարգեն Իսլամական հեղափոխությունը և իսլամական համակարգը»: Իրանի և ԱՄՆ միջև հարաբերությունների որևէ փոփոխություն չի լինի առանց բոլոր պատժամիջոցների վերացման և Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության փոփոխության, եզրակացրել է Ռոհանին:

Ի հավելումն Իրանի նախագահի խոսքերի, նշեմ, որ օգոստոսի 28-ին ԻԻՀ փորձագետների ասամբլեայի նախագահ, Մեծ այաթոլլահ Սեյեդ Ահմադ Ջաննաթին հայտարարել է, որ Իրանը շարունակելու է իր հրթիռային ծրագիրն «ավելի արագ տեմպերով, քան նախկինում»․ հայտնել է «Mehr News» գործակալությունը: Այդ շատ ազդեցիկ գործիչը հաստատել է, որ «Իրանը երբեք չի դադարեցնի անհրաժեշտ ռազմական և պաշտպանական սարքավորումների և զենքի արտադրությունը՝ չնայած թշնամիների ճնշմանը»: Նախորդ օրը՝ օգոստոսի 27-ին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին աշխարհին հայտնեց, որ Թեհրանը շարունակում է խաղաղ միջուկային ծրագիրը՝ առանց դադարի. «Մենք շարունակելու ենք մեր միջուկային նպատակներին հասնելու շարժումը, մենք երբեք կանգ չենք առել և կանգ չենք առնի»։ Նույն օրը ԻԻՀ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորները ստորագրեցին հայտարարություն, որը դատապարտում և արգելում է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն, այս մասին հայտարարել է պատգամավոր Ահմադ Ալիռեզաբեյջին: Պատահականությո՞ւն, թե ոչ, բայց հենց այս անհանգիստ օրերին էր, որ Իրանը ներկայացրեց իր «Մոբին» թևավոր հրթիռի վերջին մոդելը Ռուսաստանում տեղի ունեցած «MAKS 2019» ավիացուցահանդեսում: Այն ունի ռադիոտեղորոշման (ռադիոլոկացիոն) ցածր հատում (RCS) և ունի բարձր ռադիոտեղորոշման (ռադիոլոկացիոն) հնարավորություն ու կարող է սպառազինվել մինչև 120 կգ քաշով մարտագլխիկներով: «Մոբինի» քաշը  670 կգ է, այն թռչում է 900 կմ/ժամ արագությամբ, կարող է թռչել 45 000 ֆուտ բարձրությամբ՝ 450 կմ հեռավորության վրա:

Այսպիսով, պայթեց Մակրոնի և Թրամփի կեղծ «տեղեկությունը», խայտառակվեցին վարձու  «վերլուծաբաններն» ամբողջ աշխարհում, ովքեր ապատեղեկացրել էին ողջ երկրագնդի հասարակությունն այն մասին, թե իբր Իրանի իշխանությունները «համաձայնել են» ԱՄՆ պահանջներին: Այժմ «գնդակը» դաշտի ամերիկյան կողմում է:

Այսպիսով, ԱՄՆ-ը պարտավոր է.

1) վերացնել Իրանի դեմ իրականացվող բոլոր պատժամիջոցները.

2) վերադառնալ 2015թ․հուլիսյան ԻԻՀ հետ միջուկային համաձայնագրի շրջանակներին.

3) կատարել այս համաձայնագրով Թեհրանի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, առաջին հերթին՝ Իրանին վերադարձնել իր բազմամիլիարդանոց «սառեցված» բանկային ակտիվները:

Եվ միայն այդ ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին գուցե մտածի՝ արժե՞ արդյոք ԱՄՆ-ի հետ բանակցել, թե ոչ:

Սերգեյ Շաքարյանց