Ոստիկանները Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում` այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա Կապանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Կապանի համայնքապետարանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի» ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը` 2013-2018 թթ. մարզադպրոցում մարզիչ է հրամանագրել Կապանի համայնքապետարանի սպորտի բաժնի պետին, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս է գրվել և հափշտակվել ընդհանուր 5 միլիոն 500 հազար դրամ:

Բացի դրանից, քննությանն այս պահին հայտնի տվյալներով`մարզադպրոցի տնօրենի թույլտվությամբ մարզիչները սահմանված 500 դրամ վարձավճարի փոխարեն 2014-2018 թթ. սաների ծնողներից հավաքագրել են 2000-ական դրամ և ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակվել է ընդհանուր 13 մլն 500 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: