Կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս սահմանվել է նոր իրավունք

Ս․թ․ օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս  սահմանվել է  նոր իրավունք՝ կատարողական վարույթի կողմերի համար: Այս մասին հայտնում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  43-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում: