Սիրիան դեմ է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան իր տարածքում անվտանգության գոտի ստեղծեն

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ը և Թուրքիան։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Սիրիացի պաշտոնյան իր երկրի տարածքում Թուրքիայի և ԱՄՆ-ի անվտանգության գոտին ստեղծելու ծրագրերն անվանել է Սիրիայի անկախության դեմ ուղղված խախտում:

Թեմային արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Մարկ Լոուքոքը։ Ըստ նրա՝ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ը և Թուրքիան ոչ մի բանակցություն չեն վարել ՄԱԿ-ի  հետ։ Եվ ՄԱԿ-ը թուրք-ամերիկյան համաձայնության մաս չի կազմել։

Հիշեցնենք, որ թեև ըստ թուրքական մամուլի՝  ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկա անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալների մասին։ ԱՄՆ-ը պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինչև 40 կմ խորության անվտանգության գոտու ստեղծում Սիրիայի հյուսիսում։