Հայ դիվանագետները հանդիպել են գործարարների հետ

Օգոստոսի 29-ին Թումո ստեղծարարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցների հանդիպումը գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց. «Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Այս առումով մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»։

Հանդիպման ընթացքում ծավալվեց հանգամանալից քննարկում տարբեր երկրների գործարար կապերի հաստատման և խորացման հեռանկարների շուրջ: