ՀՀ դիվանագետներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ)

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, նախարար Մնացականյանը ներկայացրեց համաժողովի աշխատանքների ընթացքը, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշեց, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքները և Հայաստանի շահերը: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայոց Եկեղեցու դերը` բարձր գնահատելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարության և Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

Համաժողովի մասնակիցներին  իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝  մաղթելով ուժ և եռանդ իրենց հայրենանվեր գործունեության մեջ։

Նույն օրը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ՊՆ նախարարի ուղեկցությամբ այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: