Հարստանալու մոլուցքը կուրացրել է կառավարությանը (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ավանեսյանը։ Հաղորդման ժամանակ անդրադարձանք քաղաքական դաշտում առկա տարբեր թեմաների՝ Ամուլսարից մինչև աղբահանության խնդիր։ «Ամուլսարի հանքում ոսկու կորզումն իրականացվում է ցիանիդով տարրալվացման մեթոդով,-ասաց  Նունե Ավանեսյանը։- Նատրիումի ցիանիդը չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու oրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալի մահ։ Ամուլսարի հանքավայրը սուլֆիդային է: Ուժեղ օքսիդացված հանքավայրերում պահպանվում է սուլֆիդների որոշակի քանակ և ջրի առկայության դեպքում ձևավորվում է թթու դրենաժ, որոնք առկա են հանքավայրերի տարբեր մասերում: Թթվային դրենաժների արտահոսքը կրում է բազմապիսի բնույթ` աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով: Եվ քանի որ հանքավայրերի ապարները խիստ ճաքճքված են, թթվային դրենաժները միանգամից ներծծվում են ավելի խորը: Ինչի հետևանքով ձևավորվում է վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում, այլև այն փակվելուց հետո տասնյակ տարիներ: Թթու ջուրը ակտիվ լուծում է ապարներում առկա ծանր մետաղները, որոնք հանքավայրում շատ են`այդ թվում տոքսիկության առաջին դասի` սնդիկ, կապար, մկնդեղ և այլն: Արդյունքում ձևավորվում է բարձր թթվայնության, ծանր մետաղների իոններով հարստացված արտահոսք, որը միախառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին՝ կազդի ջրի որակի և պիտանելիության վրա: Եվ ինչ է պարզվում․ կառավարությունը չունի փորձագիտական եզրակացություն կապված այս ջրերի արտահոսքի հետ: Այսօր տպավորությունն այնպիսին է, որ հարստանալու մոլուցքը կուրացրել է կառավարությանը և նրանք պատրաստ են «խաղալ» ցիանիդի հետ` հանուն փողի»:

Մանրմասները՝ տեսանյութում