Արցախի ինքնորոշման իրավունքը ենթակա չէ բանակցությունների քննարկման. Եվրախորհրդարանի պատգամավոր

Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, քաղաքական երգիծաբան Մարտին Զոնեբորնի մամուլի ասուլիսը:
«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Մարտին Զոնեբորնը և Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ամփոփել են այցի ընթացքում ունեցած հանդիպումները, ապա պատասխանել լրագրողների հարցերին:
Իր խոսքում Գասպար Կարապետյանը նշել է, որ Մարտին Զոնեբորնը անցյալ տարի ևս այցելել էր Արցախ: Այս անգամ Եվրախորհրդարանի պատգամավորը ժամանել է 25 անդամից բաղկացած մեծ պատվիրակությամբ, որի կազմում էին լրագրողներ, գրողներ, դասախոսներ Գերմանիայից: Պատվիրակության կազմում է նաև Մ. Զոնեբորնի կինը՝ Կլաուդիա Տուր-Սարգսյանը, ով այս օրերին ֆիլմ է նկարահանում Արցախի մասին:
Իր հերթին Մ. Զոնեբորնն ասել է, որ ֆիլմի նպատակն է ցույց տալ աշխարհին, որ Արցախն ունի բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են անկախ պետություն լինելու համար: Ֆիլմը պետք է ցուցադրվի տարբեր փառատոներում և կինոթատրոններում:
Անդրադառնալով այցին՝ Եվրախորհրդարանի պատգամավորն ասել է, որ Արցախում նկատելի է որոշակի առաջընթաց: Այցի ընթացքում նրանք հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքական գործիչների հետ, որոնցից ստացել են լավ տպավորություններ:
«Եվս մեկ անգամ մեզ տպավորեց արցախցիների հյուրընկալությունը: Առաջին անգամ ես եղա շփման գծում, որտեղ, դժբախտաբար, լինում են զոհեր: Վերադառնալով Բրյուսել՝ պետք է փորձենք հաջորդ օրենսդրական շրջանում բարձրացնել այդ հարցը: Պետք է նշեմ, որ մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք Արցախի ինքնորոշման իրավունքը: Մեզ համար սա հիմնարար իրավունք է, որը ենթակա չէ բանակցությունների քննարկման»,- ավելացրել է Մ. Զոնեբորնը:
Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձել է նաև Արցախում սպասվելիք ընտրություններին: Նա կարևորել է ընտրությունները՝ ընդգծելով, որ այն դիտորդները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու, պետք է շատ լուրջ վերաբերվեն գործընթացին, քանի որ ընտրություններն ինքնին էական նշանակություն ունեն:
Մ. Զոնեբորնը նշել է, որ հաջորդ այցին պլանավորում են պատվիրակության կազմում ընդգրկել 100 մարդ՝ այդ կերպ մեծացնելով Ադրբեջանի «Սև ցուցակ»-ը: