ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Քրիստոֆեր Պինչերի հետ

Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախարար Մնացականյանը շնորհավորեց Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընացքում գործընկերներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի և  ստեղծագործ կրթության ոլորտները: