Եվրասիան միավորվում է ամերիկամետ ահաբեկիչների դեմ պայքարում․ո՞ւմ հետ է Հայաստանը

Վերջերս CA-News կայքը հաղորդեց, որ երկկողմանի պայմանագրի համաձայն, չինական բանակը ժամանել է Տաջիկստանի և Աֆղանստանի սահման: Մի շտապեք ինձ դատապարտել, որ օտար թեմա եմ պարտադրում Հայաստանին և հայ ընթերցողներին: Մեր երկրում Հնդկաստանի երկու քաղաքացիների ձերբակալումը, որոնք Ինտերպոլի կողմից փնտրվում էին ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով, ստիպում է առանձնակի զգուշությամբ վերաբերվել «վատ քառանկյունուց» ստացվող միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ցանկացած լուրի, դա հստակ երևում է աշխարհագրական քարտեզում: Դա Բադախշանն է (երկու կողմից՝ Տաջիկստանի և Աֆղանստանի), Պակիստանի հյուսիսը, Ջամմու և Քաշմիր տարածքները (հնդկա-պակիստանյան պատերազմների դաշտ) և, վերջապես, Արևմտյան Չինաստանի տարածքը: Չինական բանակը ժամանել է Բադախշան հենց այն նպատակով, որպեսզի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն տաջիկ սահմանային զորքերի հետ միասին Աֆղանստանում և Պակիստանում տեղակայված ահաբեկչական սպառնալիքների դեմ:

Գրեթե կասկած չկա, որ Հայաստանում ձերբակալված Հնդկաստանի քաղաքացիները հիմնականում սուննի մահմեդականներով բնակեցված Ջամմուի և Քաշմիրի կողմերից են: Երկուսն էլ իրենց հայրենիքում չեն կասկածվում, այլ մեղադրվում են սպանությունների, ահաբեկչական գործողությունների կատարման և այլն հանցանքների համար: Ահաբեկիչներից մեկը Երևան էր ժամանել Թուրքիայից օդանավով, երկրորդը ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին: Այսպիսով, պատկերավոր ասած, սուննիական ահաբեկչությունը փորձում է ներթափանցել Հայաստան: Եվ ահա, Հայաստանում ահաբեկիչների ձերբակալությունների ֆոնին Տաջիկստանից տեղեկություններ տարածվեցին  ՉԺՀ հատուկ ջոկատային ստորաբաժանումների՝ այնտեղ ժամանելու մասին։ Մեծ տերությունը մտադիր է նախապես խափանել Կենտրոնական Ասիայի, Արևմտյան Չինաստանի և այլուր հարվածներ հասցնելու միջազգային ահաբեկչական ցանցի փորձերը: Հարց է ծագում. իսկ ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանը, երբ Եվրասիայի մեծ տերությունների բանակներն արդեն երկար ժամանակ է, ինչ ակտիվորեն ճնշում են ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում (գոնե 2014-ի ամռանից): Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեռ գարնանը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչներին տեղափոխում է ոչ միայն Աֆղանստան, այլև Կովկաս: Այնուհետև այդ տեղեկությունը հաստատեցին Ռուսաստանի ՆԳՆ-ից: Եվ ահա Չինաստանն իր հատուկ նշանակության ուժերն ուղարկում է Կենտրոնական Ասիա, իսկ մեր ԱԱԾ-ն երկու ահաբեկիչ է բռնում Հնդկաստանից: Դա զուգադիպություն չէ…

Ընդ որում, Եվրասիայի մեծ տերություններն այլևս հակված չեն «Թալիբան» աֆղանական շարժումն ահաբեկչական համարել: «Թալիբան»-ի հետ բանակցություններ են տարվում, ճիշտ է, անդրկուլիսային, բայց դրանք վարում են և չինացիները, և իրանցիները, և ռուսները: Կարելի է սպասել, որ «թալիբներին» համոզում են դառնալ ԻՊ ահաբեկիչների հետ պատերազմի պատրաստ տեղական ուժերի «ողնաշար»:

Օգոստոսի 24-ին Սիրիայի կարգավորման հարցով ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Սի Սյաոյանը Դամասկոսում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Սիրիայում ծայրահեղական խմբավորումների լիովին վերացման անհրաժեշտության մասին. «Ահաբեկչության դեմ պայքարը պետք է շարունակվի: Չնայած այս պայքարում ձեռք բերված հաջողություններին, գործընթացը դեռ ավարտված չէ»։ Եվ այնուհետև, անուղղակի դիվանագիտական ​​հարված հասցրեց Թուրքիային և ԱՄՆ-ին. «Չինական կողմը բազմիցս շեշտել է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկրի քայքայումից խուսափելու համար»: Այսպիսով, Պեկինը բացահայտորեն աջակցեց Սիրիային, Ռուսաստանին և Իրանին Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում: Եվ պատահական չէ, որ օգոստոսի 24-ին Չինաստանի արտգործնախարարության քարտուղարությունը, խոսելով Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի Պեկինում կայացած բանակցությունների մասին, հայտարարել է. «Իրանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 38 տարիների ընթացքում երկու երկրները տեսել են միայն կայուն զարգացում: Չինաստանն ակնկալում է, որ երկու պետությունների միջև հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել: Պեկինը պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել Իրանի հետ՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»:

Հասկանալի է, որ ՉԺՀ-ի ղեկավարությանը նման կտրուկ քայլերի և հայտարարությունների է դրդել այն հանգամանքը, որ Արևմուտքը՝ ԱՄՆ ղեկավարությամբ, վերջերս ակտիվորեն նպաստել է Սյանգանում (այսինքն՝ Հոնկոնգում) «փողոցային հեղափոխության» փորձին: Եվ Պեկինը Արևմուտքին կոչ արեց չխառնվել Չինաստանի ներքին գործերին, քանի որ Սյանգանն արդեն վաղուց ՉԺՀ-ի բաղկացուցիչ մասն է: Հիմա մենք տեսնում ենք, որ Չինաստանում շատ արագ խոսքից գործի անցան, և ահա չինական բանակն արդեն գտնվում է տաջիկ-աֆղանական սահմանին: Ավելին, Պեկինը պատրաստ է ակտիվորեն օգնել Իրանին Սիրիայում: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է նաև, որ Հայաստանը վճռականորեն որոշի, թե որ ուժերի հետ է միավորվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Առավելևս, որ մենք արդեն բախվել ենք սուննի ահաբեկիչների՝ Հայաստան ներթափանցելու փորձերի հետ:

Սերգեյ Շաքարյանց