Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի տարբեր բուհերի ուսանողների հետ

Օգոստոսի 25-ին «Իրազեկ երիտասարդը՝ քաղաքացիական հասարակության կայացման բանալի» ծրագրի շրջանակներում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի տարբեր բուհերի ուսանողների հետ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանը կարևորել է հատկապես երիտասարդության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը: Նա ներկայացրել է դասընթացի մասնակիցների կողմից նախօրոք ընտրված՝ մարդու իրավունքներին առնչվող թեմաները, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային գործունեությանը, իրավասության ոլորտներին ու գործառույթներին:

Հանդիպման ընթացքում ուսանողները մի շարք հարցեր են առաջադրել Պաշտպանին, որոնք վերաբերել են հիմնականում օրենսդրական և իրավակիրառական խնդիրներին, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ տեղի է ունեցել ակտիվ քննարկում: