«Առաջին անգամ հայկական բանակը մտել է մայրաքաղաք 1996թ.»․ Հայկ Ալումյանը հիշեցրեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ մինչև 2008թ. մարտի 1-ը Հայաստանը Զինված ուժերը զանգվածի անկարգությունները ճնշելու նպատակով օգտագործելու մեծ փորձ է ունեցել:

Փաստաբանը հիշեցրեց 1996թ., երբ առաջին անգամ հայկական բանակը մտել է մայրաքաղաք, և երբ Երևանի փողոցներում տանկեր կային. «1996թ. հոկտեմբերի 2-ին, երբ հավաքվել էին ամփոփելու ցույցերը ցրելը, զորքերի օգտագործումը, ձեզ հայտնի Վանո Սիրադեղյանը նման բան է ասել.

«Հայկական բանակը առաջին անգամ մտավ մայրաքաղաք, դա շատ կարևոր է, զորքերի հետևից՝ ներքին զորքերը՝ մեր առաջին գունդը: Նրանք պահպանել են Սահմանադրությունը, պաշտպանել են նախագահին: Կարևոր չէ՝ ով է նախագահը, կարևորը՝ պահպանել են Սահմանադրությունը: Երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է երկու-երեք մասի, կարևորը սպայական կազմն է, որն այժմ կոչվում է՝ երկրապահ, ու եթե մեկ սանտիմետր կողք են գնացել, ուրեմն՝ արյունն արժե այն, որպեսզի սահմանադրական կարգը ու թափված արյունը փոխհատուցվեն կայունությամբ»»:

Հայկ Ալումյանն ընդգծեց. «Եթե այսօր մեր քննչական մարմինները, դատախազությունը, ԱԱԾ-ն սևեռվել են այն կեղծ գաղափարի վրա, որ զորքը չի կարող օգտագործվել ներսի խռովությունները դադարեցնելու նպատակով, եթե իրոք այդպես են մտածում, ապա ինչո՞ւ այս ամենին գնահատական չի տրված: Հիշում եք՝ 2008թ. մարտի 1-ի ցերեկը ցուցարարներն ինչպես էին վարվել ոստիկանների հետ, դանակահարել էին ԱԺ մի պատգամավորի, որովհետև նա դանակահարությունից փրկեց ոստիկանի, և իրեն դանակահարեցին: 187 վիրավոր ոստիկանների գերակշռող մեծամասնության վնասվածքներն են՝ այրվածքներ և բեկորային վնասվածքներ, այսինքն՝ բեկորային վնասվածքներն էլ առաջանում են մարտական նռնակներից:

Զինծառայողները ցուցարարների հետ անմիջական կոնտակտի մեջ չեն մտել:

Զինծառայողները տեղաբաշխված են եղել դեպի ԱԺ և նախագահական նստավայր տանող ճանապարհի ուղղությամբ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում և դեպի Լեո փողոց, որպեսզի կանխեն այս անձանց հնարավոր առաջխաղացումը դեպի ԱԺ, նախագահական նստավայր և կառավարության անդամների բնակության հատվածը:

Զինված ուժերը տեղակայված են եղել նաև Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի շուրջ, որպեսզի բացառեն կառավարության շենքի վրա հնարավոր հարձակումները, և՝ դեպի Կենտրոնական բանկ հատվածում: Ցուցարարների հետ դեմ առ դեմ կանգնած են եղել ոստիկանական ուժերը»:

Ռ. Քոչարյանի պաշտպանի խոսքով՝ թեև օրենքով Զինված ուժերը կարող էին օգտագործվել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով, բայց դրանք չեն օգտագործվել. «Զինված ուժերը չեն օգտագործվել մարտի 1-ի, 2-ի և հետագա իրադարձությունների ժամանակ այնպես, ինչպես ներկա վարկածն է: Զինված ուժերը կանխարգելման նպատակով ընդամենը տեղակայվել են վերոնշյալ հատվածներում: Զինծառայողներին կրակելու հրաման տրված չի եղել, և քրեական գործում դա հաստատված է: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Զինված ուժերը տեղակայվել են այդ հատվածներում»: