Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները․ Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է։ Այն ներառում է  ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում։ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը և հետապնդումը»,- ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։