Բախումներից մինչև քաղաքացիական պատերազմ մեկ քայլ է, ինչն ամենահեշտ տարբերակն է Ղարաբաղի հանձնման (տեսանյութ)

Գևորգ Սանդալյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի շահագործման և այլ հարցերի շուրջ

Եթե պարոն Փաշինյանը ցանկանում է, որ իր փեսան լինի իր հարսը, թող կողմ լինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը․այս մասին LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում ասաց ՀԺԱՄ կուսակցության վարչության անդամ Գևորգ Սանդալյանը։

«Տարիներ առաջ եթե դուք այսպիսի հարց տայիք, ես կմտածեի՝ այս ո՞ւր եմ ընկել, անհնար էր մտածել այսպիսի հարցերի շուրջ,- պատասխանելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ մեր հարցին, ասաց ՀԺԱՄ կուսակցության վարչության անդամը։- Իսկ մենք արդեն քննարկում ենք այդ հարցերը։ Դա նշանակում է, որ այդ մարդկանց անցած ճանապարհը եղել է հստակ, և եկել հասել ենք այս կետին, իրենց կողմից սա արդեն հաղթանակ է․․․»։

Ըստ պարոն Սանդալյանի, Ամուլսարը չի շահագործվի մեր ժողովրդի ճիշտ կողմնորոշման դեպքում։

Մեր զրուցակցի հավաստմամբ, դատական համակարգը վերջին բաստիոնն է, որն այս իշխանությունները փորձում են գրավել։ Այդ բաստիոնը կոտրելուց հետո չորրորդ իշխանությանը՝ լրագրողներին, շատ ավելի հեշտ կլինի․․․

«Ներեցեք, հարգելի Արթուր, թույլ տվեք փոխաբերական իմաստով ասել, կարծում եմ, ձեզ կգնդակահարեն, Ագնեսային, Կարմենին, Թովմասյանին, կարծում եմ, խարույկի վրա կայրեն Ժաննա դ,Արկի պես, ներեցեք, ու հանկարծ մի օր հարգելի Պետրոսը հասկանա, որ ինքն աճպարար չէ, այլ լրագրող, ու ցանկանա լրագրողական խոսք ասել, նրան էլ Նոր տարվա խոճկորի պես կմորթեն,- ասաց Գևորգ Սանդալյանը։- Դա կտանի բռնապետության, բայց, համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ մարդն ինչքան էլ հանգիստ է, գործարար է, նաև ըմբոստ է․․․ Ես չէի ցանկանա, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն բախումներ։ Բախումներից մինչև քաղաքացիական պատերազմ մեկ քայլ է։ Գիտեք՝ ամենահեշտ տարբերակն է Ղարաբաղի հանձնման»։

Պարոն Սանդալյանը համոզված է, որ դատական համակարգը հանրության կողմից պաշտպանության կարիք ունի, որովհետև դատական համակարգը գրպանելուց հետո կոտրելու են չորրորդ իշխանությունը և գնալու են բռնապետության․․․

«Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը դատական իշխանությունը ոչ թե ուզում է կարգավորել, այլ ուզում է գրպանել,- ասաց ՀԺԱՄ վարչության անդամը։- Համոզված եմ դրանում։ Իրեն մնացել է երրորդ իշխանությունը գրպանել ու անցնել դեպի բռնապետություն։ Համոզված եմ՝ չի ստացվելու, չի կարողանալու։ Գիտեք՝ ամեն ինչը սուտ է, եկած օրվանից սուտ, սուտ, սուտ, սուտ․․․ Անունը չդնենք վարչապետ, անունը չդնենք նախագահ, եղբայր, դու այսօր Հայաստանի Հանրապետության իրական գահակալն ես, ու դու ամեն օր խաբում ես, ամեն օր մանևրում ես, խաբում ես քո ժողովրդին, ինքդ քեզ ես խաբում։ Չգիտեմ, ես, ճիշտն ասած, հեղափոխությունների, իշխանափոխությունների կողմնակիցը չեմ, ընդհանրապես, կողմնակից եմ սահմանադրական կարգով, ընտրությունների կարգով իշխանափոխության, բայց այս իշխանությանը մինչև հաջորդ ընտրություններ չեմ ցանկանում տեսնել»։

Ըստ մեր զրուցակցի, դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, բայց վերցնել և փորձել գրպանել դատական համակարգը, չպետք է թույլատրել։

«Ես դեռ մայիսի 24-ին հարցազրույց էի տվել «Իրատեսին», և դեռ այն ժամանակ էի ասել, որ այս իշխանությունն անհապաղ պետք է հեռանա,- հիշեցրեց պարոն Սանդալյանը։- Այսօր արդեն իմ ասածն արդիական է (այն ժամանակ շատերը վիճում էին ինձ հետ), չի ստացվում եղբայր, չի ստացվում։ Ես չեմ ասում՝ ջարդենք, փշրենք, էս անենք, էն անենք, ոչ։ Դե չի ստացվում, տարիուկեսվա ընթացքում ոչինչ չի ստացվել, չեմ կարող ասել մի բան, որ այս հարցում մենք ունենք հաղթանակ»։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի շահագործման, դատական համակարգի գրպանման անթույլատրելիության խնդիրներից բացի, Գևորգ Սանդալյանն անդրադարձավ նաև գեներալների նկատմամբ իշխանության վերաբերմունքին և այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում