G7-ի երկրները 20 մլն եվրո կհատկացնեն Ամազոնիայում հրդեհները մարելու համար

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:

«Ամազոնիան մոլորակի թոքերն են, և այդ աղետը ոչ ոքի չպետք է անտարբեր թողնի,- նշել է նա:- Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնց անմիջականորեն է վերաբերում տեղի ունեցողը:

Մտադիր ենք նաև նախաձեռնություն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում»:

Նշենք, որ սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց մակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհներ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր:

Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆերնանդու Ազևեդու Սիլվան հայտնել էր, որ երկրի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար:

Մինչ այդ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր էր ստորագրել, որն արտոնում է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին:

Իսկ Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել է միջազգային լուրջ ճգնաժամ՝ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրելով կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ: