«Հայտարարագրվելու են արտասահմանում բացվող բանկային հաշիվները». Ռուստամ Բադասյան

Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է և առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Այս մասին ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախարարի՝ առաջին քայլն  ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է. «Մենք պետք է ունենանք հակակոռուպցիոն անկախ մարմին, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, պետք է ունենանք նմանատիպ անկախ մարմին, որը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ, և դրա մյուս կոմպոնենտներն  արդեն Գլխավոր դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանման ավելացումն է, որը զբաղվելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ, հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ»:

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Ռ. Բադասյանն ասաց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլինեն նշանակված անդամներ և այն կսկսի գործել: Ըստ նրա՝ հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն, այն կառնչվի նաև կրթական ոլորտին. «Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված»:

«Ցանկացած պաշտոնյա և պաշտոնի հավակնող ցանկացած անձ ՀՀ-ում գործող  լիազորված մարմնին պետք է տա նոտարով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինը կարողանա այդ անձնավորության անունից աշխարհի ցանկացած վայրում փնտրել և գտնել նրա ունեցվածքի մասին տեղեկություններ»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին  քննարկմանը  հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ այդ գործիքը ե՞րբ է ներդրվելու:

Նախարարն ասաց, որ պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է նախատեսված լինելու արտասահմանյան բանկային հաշիվներին. «Հայտարարագրվելու են արտասահմանում բացվող բանկային հաշիվները: Լիազորագրերի հետ կապված, այս փուլում չասեմ, բայց հանձնարարականը բովանդակային առումով կկատարվի անպայման: Ինչն եմ կարևորում, որ լիազորագիրը միգուցե լավ է, բայց պետք է ինստիտուցիոնալ համակարգը աշխատի»:

Վերջինի համար, ըստ նախարարի՝ անհրաժեշտ են մասնագետներ ու կադրային համակարգի բարելավում: