Երազում եմ, որ սեպտեմբերի 29-ին տեսնեմ Արցախում մեր Եկեղեցու բարձրագույն ղեկավարությանը, ՀՀ ու Արցախի նախկին ու ներկա բոլոր ղեկավարներին

«Նույնիսկ եթե երազանքները կատարվում են մասնակիորեն, մի դադարեք երազել»: Սա գրել էի օգոստոսի 6-ին Համահայկական օլիմպիական խաղերի բացման հետ կապված իմ մի պատկերացման մասին։ Հասկացողներն ու հիշողները շատ լավ հասկացան ու հիշեցին՝ ինչ էի երազում, վստահ եմ։

Իսկ հիմա ասեմ, որ չեմ դադարում երազել ու մի նոր կոչ-երազանքով եմ ցանկանում հանդես գալ։ Շատերը կարող է և չգիտեն, բայց սեպտեմբերի 29-ին լրանում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի վերաբացման 30-րդ տարեդարձը։ Երեք տասնյակ է՝ Արցախում կրկին սկսել են ղողանջել մեր եկեղեցիների զանգերը, կրկին լսվում է բարձրաձայն «Հայր Մերը», կնունքներ են արվում, պսակադրություններ: Շատերը կարող է չզգան դրա նրբությունը, բայց 1991-1994 թթ․ պատերազմի բոլոր հաղթանակները հենց այդ հավատքով են տոնվել։

Սեպտեմբերի 29-ին երազում եմ, որ տեսնեմ Արցախում մեր Եկեղեցու բարձրագույն ղեկավարությանը, ՀՀ ու Արցախի բոլոր նախկին ու ներկա ղեկավարներին։ Չգիտեմ, թե որ եկեղեցում են տոնելու այդ հիասքանչ տարեդարձը (շատ կցանկանայի, որ Գանձասարում լիներ, որտեղ մկրտվել եմ 1993-ին ու մկրտել ենք Մհերոյիս 2010-ին), բայց Աստված տա, որ այդ օրը Արցախի բոլոր եկեղեցիների զանգերը մի այնպիսի ուժգնությամբ հնչեն, որ բոլորիս միասնական աղոթքն Աստծու օրհնությամբ միլիոնապատկի մեր հավատքը մեր հարատև գոյության ու միասնականության հանդեպ։

Մեր ուժը մեր միասնությունն է։

Այո, ես չեմ վախենում երազել, նույնիսկ եթե նրանք կատարվեն ոչ ամբողջական։ Հիշենք, որ մեր միասնական երազանքն է միշտ լինելու մեր հաղթանակների գրավականը։

Ու իմ ասած` Դուխով:

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

«Նույնիսկ եթե երազանքները կատարվում են մասնակիորեն, մի դադարեք երազել»: Սա գրել էի օգոստոսի 6-ին Համահայկական օլիմպիական…

Опубликовано Tevan J. Poghosyan Понедельник, 26 августа 2019 г.