Արցախում բացվել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, իր ողջույնի խոսքում նախագահը կարևորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական և օբյեկտիվորեն ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետևանքային կապը և այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

«Եվ դա կարևոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը և այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձևով,- ընդգծել է նախագահ Սահակյանը:- Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձևաչափով և օրակարգով»: