Ինչո՞ւ է ՔԿ-ը պաշտպանում «Լիդիանի» շահերը. Պարզաբանում է ՔԿ ներկայացուցիչը (տեսանյութ)

Այսօր քննչական կոմիտեի՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասուլիսի ժամանակ պարզաբանումներ ներկայացրեցԱմուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատականների կապակցությամբ:

Նա նշեց, որ ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի վարչությունում քրեական գործը հարուցվել էր 2018 հուլիսին, որից հետո վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ:

Ըստ Իվանյանի՝ փորձաքննության իրականացման համար չափորոշիչներ էին սահմանվել ոչ միայն ընկերության, այլև փորձագետների համար, և մրցույթը հաղթեց «ԷԼԱՐԴ» նկերությունը, որը համապատասխանում է միջազգային չափանիշերին՝ ունի միջազգային հավատարմագրում.

«Մոտեցումը եղել է շատ խիստ, որովհետև հաշվի առնելով այս հարցի կարևորությունը՝ որոշվել է նախապատվություն տալ այն ընկերությանը, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում և ՀՀ-ում որևէ գործունեություն իրականացրած չլիներ»:

Յու. Իվանյանը նշեց, որ փորձաքննության արդյունքում գնահատվել են ոչ միայն ջրային ռեսուրսները, այլև օդը, երկրաբանական ռեսուրսները, կենսաբազմազանությունը, այսինքն՝ բնության մյուս բաղադրիչները, և արձանագրվել է, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա հոսքերի հնարավորություն առկա չէ, աղտոտված ջրերը Ջերմուկ չեն հասնի, Ամուլսարի ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել՝ իզոտոպային տվյալների համաձայն:

Նրա խոսքով՝ փորձագետները հանգել են եզրակացության, որ, եթե ջրերը հասնեն Սևան, չեն առաջացնի աղտոտում՝ լճի կոնցենտրացիայի պատճառով, այսինքն՝ մինչև Սևան հասնելը զգալի նոսրացման կենթարկվեն, իսկ Արփա, Դարբ և Որոտան գետեր թափվելու դեպքում հանքի մաքրման չենթարկված կոնտակտային ջրերը նույնպես կնոսրանան.

«Որևէ հանքի շահագործման դեպքում խնդիր է դրվում ջրերը չաղտոտել, շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման համար կիառում են միջոցառումներ ու, եթե 16  միջոցառումները պատշաճ կիրառվեն, ռիսկերը կլինեն կառավարելի»,- ասաց Յու. Իվանյանը:

Այն մտահոգությունները, որ փոշին կտարածվի և կհասնի Ջերմուկ և հարակից բնակավայրեր, Յու. Իվանյանի հավաստմամբ, չեն հիմնավորվել, և փորձագետները հանգել են եզրակացության, որ օդի որակը կառավարելի է:

Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, թեև փորձաքննության եզրակացության մեջ նշվում են թերություններ, բայց այն պետք է գնահատել ընդհանուր համատեքստի մեջ և ելնել հետևյալ եզրահանգումից՝ բնական ռիսկերը կառավարելի են, թե ոչ, շրջակա միջավայրին վտանգ սպառնում է, թե ոչ. «Նորից առաջնային պլան է գալիս մեղմման միջոցառումների իրականացումը, որը կկանխի ռիսկերը»:

Թե ինչո՞ւ է միայն «Լիդիան Արմենիան» կողմ ներգրավվել, Յու. Իվանյանը նշեց, որ «Լիդիանի» վկայությունները ՔԿ-ը վերլուծել է այլ տվյալների համադրության մեջ, իսկ ՀՀ քր. օրենսգրքի համաձայն՝ ժողովրդի շահերը ներկայացրել է Քննչական կոմիտեն:

Թե ինչպե՞ս է, որ 2016թ. ջրերը կարող էին լցվել Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, իսկ հիմա չեն կարող, Յու. Իվանյանը նշեց, որ սխալ է ծաղկաքաղ անել, իզոտոպային հետազոտություններն իրականացրած ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը նույնպես հարցաքննվել է և տվել է վկայություններ:

Անդրադառնալով այն քննադատությանը, որ «Էլարդն» ինքն ուղղակի նստել, «Լիդիանի» ներկայացրած թղթերն ուսումնասիրել է ու եկել եզրակացությունների, այնինչ՝ նա պետք է դաշտային փորձաքննություն իրականացներ, սակայն, Իվանյանն ասաց, փորձաքննությունները տարատեսակ են, տարաբնույթ, և փորձաքննություններ կան, որ իրականացվում են հենց փաստաթղթերի համադրմամբ:

Նա հաստատեց, որ «ԷԼԱՐԴ»-ը դաշտային աշխատանքներ չի իրականացրել. «Էլարդը վերցրել և ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիանի» կողմից ներկայացված հետազոտությունները և ուսումնասիրությունները, այլև մյուս կառույցների, պետական մարմիների, հասարակական կազմակերպությունների ներկայացրած ուսումնասիրությունները, մասնագիտական, բնապահպանական միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված ուսումնասիրությունները, «Էլարդը» նաև ուսումնասիրել է միջազգային կարգի փորձագետների կողմից ներկայացված ուսումնասիրությունները, և այդ ամբողջի հիման վրա հանգել է եզրակացությունների»:

Հարցին՝ կարելի՞ է վճարել 400 հազար դոլար և ունենալ մի փաստաթուղթ, որը դրվում է կասկածի տակ՝ Յու. Իվանյանը պատասխանեց, որ եթե այն չի հերքվում այլ փաստական հանգամանքներով, համարվում է վստահելի, իսկ «այդ գները միջազգայնորեն ճանաչված գներ են»:

Թե ինչո՞ւ է Քննչական կոմիտեն պաշտպանում «Լիդիանի» շահերը՝ հրապարակելով «Լիդիանի» կողմից ներկայացված 3D մոդելավորմամբ տեսահոլովակը, Իվանյանը նշեց, որ մեղմման միջոցների մասին հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ են դրանք:

Նրա խոսքով՝ հրավիրվել են ոչ միայն «Լիդիանի» մասնագետները, այլև տվյալ ոլորտի այլ մասնագետներ.

«Խնդիրը կայանում է մեղմման միջոցների էությունը հանրությանը հասանելի դարձնելու մեջ, ՔԿ-ը չի ասում՝ դա լավ է, թե վատ, դա ասում են փորձագետները,-ասաց պաշտոնյան:- Ստացվում է, որ մեղմման միջոցների վերաբերյալ տեսանյութը կազմելիս հրավիրվել են նաև այլ մասնագետներ տվյալ բնագավառի, նաև «Լիդիանը» ներկայացրել է նյութեր: Դա որևէ կապ չունի, թե ՔԿ-ը գովազդում է կամ չգիտեմ՝ ինչ է անում… գնահատում է այդ մեղմման միջոցը դրական, թե բացասական»: