Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկացմամբ, Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։

Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաև որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։