«Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում այրվում է 17 հա բուսածածկույթ

Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացամամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք:

Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:

Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:

Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի մասին ահազանգել էին ֆեյսբուքյան օգտատերերը՝ հրապարակելով հրդեհի տեսանյութը։