Արցախի ՊԲ-ում անցկացվել են շտաբային մարզումներ

Ընթացիկ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկային գործընթացների շրջանակներում օգոստոսի 22-ից 23-ը համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև ՊԲ-ի վարչության սպայակազմի և միավորումների հրամկազմի ներգրավմամբ: ԱՀ ՊՆ  մամուլի ծառայության տեղեկացմամբ, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը ճշգրտել են իրենց անելիքները մարտական պատրաստականության համալիր գործընթացների ժամանակ, իսկ ապա նաև անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են բանակի և միավորումների հրամկազմի ներկայացուցիչներն ու կառավարման մարմինները:

Իրականացված միջոցառման շրջանակներում համապատասխան զորային միավորների հրամանատարներն ու առանձին ոլորտի պատասխանատուներ հանդես են եկել զեկույցներով, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտավարական դրվագներ, փորձարկվել են այն բոլոր տեխնիկական միջոցները, որոնք վերջին շրջանում ներ են դրվել ՊԲ-ի կառավարման համակարգում:

Ընդհանուր առմամբ 2019թ. 2-րդ կիսամյակի մեկնարկը մեր երկրի պաշտպանական համակարգի բոլոր օղակներում կյանքի է կոչվել արդյունավետության բավականին բարձր մակարդակով: Իսկ իրականացված մարտական պատրաստականության համալիր մարզումները ևս մեկ անգամ փաստել են, որ բանակային բոլոր ստորաբաժանումները ունակ են արագ արձագանքել օպերատիվ-մարտավարական իրադրության բոլոր տեսակի զարգացումներին, կատարել համապատասխան վերլուծություններ, ընդունել ու իրագործել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ ևս լիարժեք կերպով կապահովեն մեր երկրի անվտանգությունը: