ԱՄՆ-ը հետ է կանչել «Պատրիոտ» համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը

ԱՄՆ պաշտոնապես հետ է կանչել ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3,5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։

Առաջարկը հետ կանչելու ԱՄՆ ղեկավարության որոշման պատճառը Թուրքիայի կողմից  ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է:

Թեմայի շուրջ ամերիկյան CNN-ի հետ զրուցել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։

«Մենք Թուրքիային անընդհատ ասում էինք, որ եթե ռուսական S-400-ները մատակարարվեն, ապա «Պատրիոտ»-ների վերաբերյալ մեր վերջին առաջարկը հետ ենք կանչելու։ Եվ ահա «Պատրիոտ»-ների հարցում մեր վերջին առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- նկատել է ամերիկացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։ Ռուսաստանն արդեն ավարտել է S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը։ ԱՄՆ-ը արդեն հասցրել է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ՝ կասեցնելով պաշտոնական Անկարայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։