Վախճանվել է հայտնի պետական և հասարակական գործիչ, բարերար Վարդգես Արծրունին

Մոսկվայում, կյանքի 78-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է պետական, հասարակական հայտնի գործիչ, վաստակավոր շինարար և բարերար Վարդգես Արծրունին:

Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդսկում: Ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում:

Վարդգես Արծրունին եղել է Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, շինարարական կոմիտեի նախագահ: 1988թ. երկրաշարժից հետո ղեկավարել է աղետի հետևանքների վերացման շտաբը: Շնորհիվ նրա անհետաձգելի միջոցառումների մասին անհապաղ կայացրած որոշումների, փրկվեցին բազմաթիվ կյանքեր:

Ավելի քան 60 տարի շինարարության ոլորտում աշխատելով, նա իր մեծ ներդրումն է ունեցել պատմաճարտարապետական ժառանգության պահպանման գործում: նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարևյան ինստիտուտի շենքի վերակառուցմանը և Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցու հողհատկացմանը: Մշտապես ակտիվ քննարկումներ է կազմակերպել հայոց ցեղասպանության, հայկական հարցի, ժամանակակից Թուրքիայի կողմից վարվող հակահայկական և հակառուսական քաղաքականության թեմաներով: Հիմնադրել և հովանավորել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը:

Նա հովանավորել է նաև մի շարք հուշարձանների և քանդակների նախագծումը, պատրաստումն ու տեղադրումը թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Նրա վերջին ցանկությունն էր իր կողմից պատվիրված և արդեն պատրաստված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրումը Երևանում`ի նշան երախտիքի` նրա հայանպաստ գործունեության:

Վարդգես Արծրունու հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 24-ին Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարի տարածքում: