Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր դրամով ավելի գումար, որի պատճառով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: