Բացահայտում. Ամուլսարին առնչվող համալիր փորձաքննությունների համար ELARD-ի ընտրությունը հակաօրինական է, միգուցե նաև խարդավանքի արդյունք

Իշխանությունները հավերժական չեն, հեռանում են կամ հեռացվում, հետո գալիս է պատասխանատվության պահը

Իշխանությունները հավերժական չեն, հեռանում են կամ հեռացվում… Ու դրանից հետո ոչ քիչ դեպքերում գալիս է պատասխանատվության պահը: Ով ով, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցեր, բայց, ինչպես երևում է, իշխանությունը կամ իշխանության ընձեռած հնարավորությունները նրան էլ են կուրացրել:

Վերոնշյալ պարզ ճշմարտությունը, ցավոք, չեն գիտակցում նաև ՀՀ քննչական կոմիտեում, այլապես գոնե Ամուլսարի հարցում հանդես չէին գա այն «դերասանությամբ», որով հանդես են եկել:

ՀՀ քննչական կոմիտեի կայքում Ամուլսարի վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հիշյալ կոմիտեի «բեմականացրած» այդ «թատրոնը» սկսվել է 2018թ. հուլիսից: ՀՀ քննչական կոմիտեի կայքում հուլիսի 20-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը երեկ բացահայտեց, որ այդ քաղաքացին եղել է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է` ստե՞լ է ՀՀ վարչապետը շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ, և այդ ստի հիմա՞ն վրա է ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել… Ո՛չ, իհարկե: Նույն տեղեկատվության համաձայն, «նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները»: Եվ հիմա, երբ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսից, ինչպես նաև ՀՀ վարչապետի երեկվա լայվից և փաստական այլ հանգամանքներից զգացվում է, որ քրեական գործը կարճելու միտում կա, տեղին է հարցնել` բա ի՞նչ եղան նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները, ցնդեցի՞ն, գոլորշիացա՞ն… Եվ եթե դրանք իրականությանը չէին համապատասխանում կամ կեղծ էին, ապա ՀՀ քննչական կոմիտեում չստուգված, իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ տվյալների հիման վրա քրեական գո՞րծ են հարուցում…

Առավել ուշագրավը, սակայն, ոչ թե վերը նշվածն է, այլ այն, թե փորձաքննությունների համար ինչպես է ընտրվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը: ՀՀ քննչական կոմիտեն ընկերության ընտրության հարցում դիմել է, մեղմ ասած, անմաքուր արարքի (բնավ չեմ զարմանա, եթե ոչ հեռավոր ապագայում պարզվի, որ այդպես է վարվել Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի ցուցումով), թերևս ի սկզբանե նպատակ ունենալով փորձաքննությունների համար ընտրել ELARD-ին ու նրանից ստանալ մի եզրակացություն, որը 16 կետանոց պահանջների կատարման կամ պայմանների բավարարման դեպքում, կախված տվյալ եզրակացության գնահատումից, իշխանությանն Ամուլսարի շահագործումը թույլատրելու ինչ-որ հիմք կտա:

Քրեական գործի հարուցման վերաբերյալ հիշյալ տեղեկատվության հրապարակումից մոտ 4 ամիս հետո, նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեն Ամուլսարի առնչությամբ հրապարակեց երկրորդ տեղեկատվությունը` «Հայտարարություն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ» վերտառությամբ: Հայտարարության մեջ հստակ նշված է, որ «Անկախ միջազգային փորձագիտական գնահատման առարկա են հանդիսանում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետև՝ ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (այսուհետև՝ ԲՍԱԳ) նախագծերը»: Եվ վե՛րջ, գնահատման առարկայի առումով ոչ մի բառ ավելի: Ոչ մի խոսք չկա վերոնշյալ փաստաթղթերի փորձաքննությունից բացի, հիշյալ քրեական գործով էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննության մասին:

Նույն հայտարարության մեջ նշված է նաև, որ «Երկու փուլով մրցույթի գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները»: Այսինքն` միայն այն ընկերությունները, որոնք ՀՀ քննչական կոմիտեին ավելի վաղ հայտ ներկայացրած կլինեին` նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրենց ցանկությունն արտահայտող, ինչպես նաև Քննչական կոմիտեի պահանջած բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները, որոնք ներկայացնելով էլ կհամարվեին որակաորման չափանիշներին բավարարող և ընդգրկված կլինեին նախաորակավորված մասնակիցների ցուցակում:

Հիմա ուշադրություն դարձնենք հետևյալ հանգամանքին. կարդալով ՀՀ քննչական կոմիտեի 2018թ. նոյեմբերի 8-ի վերոնշյալ հայտարարությունը և տեղեկանալով, որ Անկախ միջազգային փորձագիտական գնահատման առարկա են հանդիսանում միայն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման նախագծերը, անկախ միջազգային փորձագիտություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ կարող էին շահագրգռություն, հետաքրքրվածություն չդրսևորել նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու համար, գրեթե համոզված եմ, որ հենց այդպես էլ եղել է: Նախաորակավորման ընթացակարգին չմասնակցելով, այդ ընկերությունները զրկվել են հետագայում մրցույթի գործընթացին մասնակցելու իրավունքից: Մինչդեռ եթե ՀՀ քննչական կոմիտեն իր հայտարարությամբ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննությունից բացի, տեղեկացներ նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննությունների կատարման անհրաժեշտության մասին, չթաքցներ դա, միանգամայն հնարավոր է, որ նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու հայտ և պահանջվող բոլոր փաստաթղթերը կներկայացնեին, որակավորման չափանիշներին բավարարող կհամարվեին, մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք կբերեին ու կմասնակցեին բազմաթիվ ընկերություններ, որոնցից մեկը, շատ հնարավոր է, ELARD-ի փոխարեն, ինքը կշահեր մրցույթը և կտար այնպիսի եզրակացություն, որը կբացառեր Ամուլսարի շահագործումը:

Իր 2018թ. նոյեմբերի 8-ի վերոնշյալ հայտարարությունից ամիսներ հետո, 2019թ. ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն ստիպված եղավ հանդես գալ մի պարզաբանմամբ, որում բացահայտեց, որ մրցույթին հաղթող ճանաչված ELARD ընկերությունը «ՀՀ ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար» (ընդգծումները` մերը): Այստեղից հետևում է, որ ELARD ընկերության և ՀՀ քննչական կոմիտեի միջև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար ստորագրված պայմանագիրը պետք է չեղյալ, առոչինչ համարել, ինչպես նաև դրա հիման վրա ELARD-ի համալիր փորձաքննությունների եզրակացությունները, եթե, իհարկե, իրականության մեջ այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն: Այն փաստաթուղթը, որը 2019թ. օգոստոսի 14-ին հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն, ELARD-ի կողմից վերնագրված է «ԲՍԱԳ-ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ», «Ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ազդեցությունների 3-րդ կողմի անկախ գնահատում»: Ապա ո՞ւր մնացին ՇՄԱԳ-ի ուսումնասիրությունը, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացությունները…

Ավելին. իրավական բավարար գիտելիքներ ունեցող ցանկացած մեկին հայտնի է, որ «ԲՍԱԳ-ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» կոչվածը բնավ չի փոխարինում քր. գործով նշանակված բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվության փորձաքննությանն ու դրա եզրակացությանը (նույնը կարելի է ասել ՇՄԱԳ-ի ուսումնասիրության վերաբերյալ), ոչ էլ «Ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ազդեցությունների 3-րդ կողմի անկախ գնահատում» կոչված փաստաթուղթը կարող է փոխարինել քր. գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննությունների եզրակացություններին: Այսպիսով ELARD-ը, կարծում եմ, նպատակ է ունեցել խույս տալ իր ներկայացրած փաստաթղթերի ու հետագայում դրանց հնարավոր հետևանքների համար պատասխանատվությունից, քանի որ փորձաքննությունների եզրակացություններ չի ներկայացրել, այլ ինչ-որ ուսումնասիրություն և երրորդ կողմի «անկախ գնահատում»: ՀՀ քննչական կոմիտեն էլ այս փաստաթուղթն ELARD-ից ընդունել, ընդունելի է համարել ու ներկայացրել մեր հանրությանը, վարչապետն էլ դրա հիման վրա լոլոներ էր ասում մեր ժողովրդին` փորձելով մեր բոլորի ականջներին լափշաներ կախել կամ, «լավագույն» դեպքում, ինքը գտնվելով խորը մոլորության մեջ:

Ի դեպ, նույն կոմիտեն 2019թ. ապրիլի 23-ի իր պարզաբանման մեջ նշել է, թե «(ELARD) ընկերությունը ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր  փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից  այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում»: Մինչդեռ, ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում, չնայած այն հանգամանքին, որ Ամուլսարին, ELARD-ին ու նույնիսկ նախաորակավորման գործընթացին առնչվող բազմաթիվ հրապարակումներ կան, հիշյալ մրցույթի (այն էլ` երկփուլ…) մասին որևէ հայտարարություն չկա, չի հրապարակվել: Հետևաբար հրապարակային հարցում ՀՀ քննչական կոմիտեին` այդ «մրցույթ» կոչվածը ե՞րբ և որտե՞ղ է հայտարարվել (ներկայացրեք համապատասխան տեղեկությունները հավաստող հիմքերը):

Արթուր Հովհաննիսյան