Արցախում կկայանա հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԱՀ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի, «Բեյզ Մեթլս» ընկերության, ԱՀ Ազատամարտիկների միության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում օգոստոսի 22-24-ը կկայանա բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանն ասել է, որ մրցաշարին  Արցախից մասնակցելու է 3, իսկ  Հայաստանից 8 թիմ:

«Առաջնությանն ընդգրկված են  մարզիկների 4 տարիքային խմբեր՝  10-12 տարեկան երեխաներ, 12-14՝ կրտսեր տարիքի, 14-16՝ ավագ տարիքի պատանիներ և 16-18՝ երիտասարդներ: Առաջնությանը կմասնակցի  մոտ 80 մարզիկ,- մասնավորապես ասել է նա:- Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա Աշոտ Ղուլյանի անվան պուրակում՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ին: Հուշամրցաշարի նպատակն է հերոսի հիշատակի հավերժացումը և Արցախի ու Հայաստանի բռնցքամարտիկների  միջև ընկերական շրջապատի ընդլայնումը: Արցախցի լավագույն մարզիկները կընդգրկվեն ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականում: Հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները համապատասխան հավաստագրերով և մեդալներով»: