Սիրիական ավիացիան կանգնեցրել է թուրքական զրահատեխնիկայի ներխուժումը

Դեռ մեկ շաբաթ չի անցել ԱՄՆ-Թուրքիա պայմանավորվածությունից, համաձայն որի՝ պետք է քրդերով բնակեցված սիրիական շրջաններում ստեղծվեն համատեղ «ոչ թռիչքային գոտիներ», իսկ Անկարան արդեն լուրջ դժվարություններ ունի Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և շիա կամավորների հետ:

Հակամարտությունն սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիան, իրականացնելով  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանը, նոր ագրեսիա սկսեց Սիրիայի դեմ ՝ ձգտելով ընդլայնել թուրքական օկուպացիայի գոտին՝ ամբողջ սիրիական հյուսիս-արևելքում: Սակայն թուրքերն ինչ-որ բան հաշվի չեն առել. ռուսական օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) աջակցությամբ Սիրիայի մարտական ավիացիան օգոստոսի 19-ին հարվածել է թուրքական զրահատանկային շարասյանը, որն ուղարկվել էր սիրիական Իդլեբ նահանգ՝ թուրքական զորքերին և ահաբեկիչներին օգնության հասնելու համար։

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն ընդունել է սիրիական ավիացիայի վրա իր հարձակումը, սակայն, զոհերի մասին խոսելով, տարօրինակորեն պնդում է,  թե  զոհվածները (երեք հոգի) և վիրավորները (12 հոգի)՝ «քաղաքացիական անձինք են»: Կներեք, իսկ ի՞նչ են կորցրել  «քաղաքացիական անձինք» թուրքական զրահատանկային շարասյունում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է,  իբրև թե «Ռուսաստանին նախօրոք տեղեկացրել է տեղափոխման մասին»․ «Մենք քննադատում ենք այս հարձակումը, … որը կատարվել է Ռուսաստանի Դաշնության հետ մեր պայմանավորվածությունների և համաձայնությունների խախտմամբ: Մենք ունենք պաշտպանության ինքնիշխան իրավունք և ակնկալում ենք, որ անհապաղ միջոցներ կձեռնարկվեն նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար»,- հայտարարել է Անկարան:

Թուրքերը ստում են: Նախքան Թուրքիայի Պաշտպանության նախարարության հայտարարությունները, սիրիական պետական ​​հեռուստատեսությունը` վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, հայտարարել էր, որ թուրքական զրահափոխադրիչները խախտել են սահմանը և շարժվում են դեպի Խան Շեյխուն, որի համար մարտեր է մղում սիրիական բանակը: Խան Շեյխունը մի քաղաք է, որտեղ հիմնականում կենտրոնացած են թուրքամետ ահաբեկիչներն ու իսլամիստական ​​խմբավորումների մնացորդները:

Անկարան շատ լավ գիտի, մանավանդ, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի և նրա ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի բազմիցս արած նախազգուշացումներից հետո, որ «ոչ ոք մտադիր չէ հանդուրժել Իդլեբի դեէսկալացիայի գոտում ահաբեկիչների ներկայությունը»: Այս առումով ավելի լավ է վստահել Ռուսաստանի Դաշնային նորությունների գործակալությանը (ԴՆԳ), ոչ թե Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Այս գործակալությունը տվել է օգոստոսի 19-ի մարտական գործողությունների հակիրճ բնութագիրը․

1) ՌԴ ՕՏՈՒ օդում աջակցում են Սիրիայի բանակի ստորաբաժանումներին, որոնք գրոհում են Իդլեբի հարավում գտնվող Խան Շեյխուն քաղաքը.

2) Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածել են մի խումբ արմատական ​​իսլամիստների, որոնք ուղեկցում էին ծանր ռազմական տեխնիկայի թուրքական շարասյունը.

3) Սիրիայի բանակը և դաշնակից ուժերը (շիաները) Իդլեբի հյուսիս-արևմուտքում լայնածավալ հարձակում են գործել Խան Շեյխունի մերձակայքում գտնվող արմատականների պաշտպանական ուղղությունների վրա.

4) թուրքական բանակը ծանր ռազմական տեխնիկա է ուղարկում Իդլեբ, Հալեպի հյուսիսում արգելափակում են տրանսպորտային հաղորդակցությունը Ազազ և Աֆրին քաղաքների միջև, Աֆրինի սահմաններին կանգնեցնում են Իդլեբի պատերազմական գոտիներից փախչող փախստականներին:

Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն է ընկել: Թուրքական զրահատանկային շարասյան վրա օդային հարձակման ժամանակ մահացածներն ու վիրավորները ոչ թե քաղաքացիական անձինք են, այլ ահաբեկիչներ: Թուրքական զրահատեխնիկան, ըստ երևույթին, պարզապես «օգնության չէր գնում» ահաբեկիչներին. ենթադրվում էր, որ թուրքական բանակը մարտի մեջ կմտնի սիրիական բանակի և շիաների հետ Խան Շեյխունում, այնուհետև կմնա այնտեղ որպես օկուպացիոն ուժ:

Հայաստանի քաղաքացիներին հիշեցնեմ, որ վերջերս Նուր-Սուլթանում տեղի են ունեցել բանակցություններ տարածաշրջանում դեէսկալացման վերաբերյալ, իսկ օգոստոսի 2-ին ուժի մեջ է մտել Իդլեբում հրադադարի մասին հերթական փաստաթուղթը: Բայց օգոստոսի 5-ին սիրիական բանակը վերսկսեց գործողությունը՝ հրադադարի պայմանները չկատարելու պատճառով. ահաբեկիչ խմբավորումները՝ օգտվելով հանգիստ իրավիճակից, փորձել են գրոհել Համա նահանգի հյուսիսում գտնվող սիրիական զորքերի դիրքերը և կրակ բացել տարբեր բնակավայրերի ուղղությամբ:

Իրավիճակի շուրջ դեռևս հնարավոր չէ վերջնական եզրահանգում կատարել: Առայժմ հստակ է մեկ բան, եթե իսրայելական DEBKAfile և սիրիական «Deir Ezzor 24»-ի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը,  ապա Ռուսաստանն սկսել է ստեղծել երկու նոր ռազմական բազաներ` Սիրիայի արևելքում և հյուսիս- արևելքում:

«Ինչ կլինի Սիրիայի քրդերի հետ» հարցը անցել է տասներորդական պլան: Շատ ավելի հրատապ է՝ «ի՞նչ է լինելու Սիրիայից առայժմ չտարհանված ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերի հետ» հարցը:

Սերգեյ Շաքարյանց