Եվրոպան պետք է դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ․ Բունդեսթագի պատգամավոր

Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել թուրքական իշխանությունների այդ քայլը դատապարտող հայտարարություններով։

Ըստ «Ermenihaber.am»-ի՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը թեմայի վերաբերյալ թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըի, Բեդիա Օզգյոքչե Էրթանի և Ահմեթ Թյուրքի պաշտոնանկությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ կասկածի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքների նկատմամբ հարգանքը»։

Կոսյանչիչն ընդգծել է, որ Թուրքիան ունի ահաբեկչության դեմ պայքարելու օրինական իրավունք, բայց դա պետք է արվի սահմանադրության և միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքի ու ազատությունների շրջանակներում։

Գերմանիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Գյոքայ Աքբուլութը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) աջակցելու և իշխող կուսակցության դեմ համատեղ պայքար մղելու կոչ է արել․

«Թուրքիայի կառավարությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե որքան հեռու է ժողովրդավարությունից։ Եվրոպան պետք է դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ»,- գրել է պատգամավորը Թվիթերում։

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը նույնպես քննադատել է քաղաքապետների փոխարեն հոգաբարձուների նշանակումը․

«Այս որոշումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիայում ոչնչացվում են ժողովրդավարության և իրավական պետության վերջին մնացորդները», – հայտարարել է Ռոթը։

Հավելենք, որ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը դատապարտել էին նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ իրենց սոցցանցային գրառումներում իշխանությունների այդ որոշումը որակելով որպես հակաժողովրդավարական։

Ստամբուլի և Իզմիրի քաղաքապետները ևս թեմայի վերաբերյալ քննադատական գրառում են կատարել։ Ըստ Էքրեմ Իմամօղլուի՝ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ և անընդունելի է։ Իսկ ըստ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերի՝ այս որոշմամբ ոտնահարվել է ժողովրդի կամքը։

Նախօրեին Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկությանը դեմ էին արտահայտվել նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների այլ ներկայացուցիչներ։

Իսկ Թուրքիայի նախագահականից նույնպես թեմայի վերաբերյալ  Թվիթերում գրառում է արվել, ըստ որի՝ երեք քաղաքապետների պաշտոնանկությունը և հոգաբարձուների նշանակումն ուղղակի անհրաժեշտ քայլ էր ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայում  պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։ 

Ըստ Թուրքիայի  ներքին գործերի  նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Օզգյոքչեի նկատմամբ՝ 7։ Առաջադրված մեղադրանքները հիմնականում առնչվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» և «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» հետ։